Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալինում երեկ սպորտային իրական հրավառություն էր․ լուսանկարներ

Թալինում երեկ սպորտային իրական հրավառություն էր․ լուսանկարներ
Սպորտ
17:29, 10 март 2024
Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցն  իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի բոլոր մարզերից ժամանած մարզիչների և մարզիկների համար։ Հայաստանի Պաուրելիֆտինգի ֆեդերացիայի և Թալին համայնքի համատեղ ջանքերով՝ մարտի 9-ին, Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցում անցկացվեց  Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնություն`պառկած սեղմում և ձգում վարժություններից։

Առաջնությունն անցկացվեց  ՀՊՖ տեխնիկական և մրցումային կանոններին և կանոնակարգի պահանջներին համապատասխան` տղամարդկանց և կանանց՝ պատանիների, մեծահասակների և հաշմանդամների խմբերում, մարզիկների շարքերում էին նաև ՊՆ-ից հրավիրված զինվորներ։ Առաջնությանը մասնակցած թիմերը 23-ն էին, մարզիկների թիվը՝ 167, ընդհանուր առմամբ 230 և ավելի մասնակից։

Առաջնությանը ներկա էին Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ղեկավար կազմը, գլխավորությամբ նախագահ Գագիկ Սարոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, Թալին համայնքի պետական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։

Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնությունն իրենց ներկայությամբ պատվեցին  «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն, ԽՍՀՄ չեմպիոն, ապորտի վարպետ Էդուարդ Եղիազարյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Ռոլանդ Հովհաննիսյանը, գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը և այլ պատվավոր հյուրեր։

Միջոցառման ողջ ընթացքը վարեց ռեժիսոր, լրագրող, ՀՊՖ գործադիր մարմնի անդամ, ՀՊՖ պատվավոր անդամ, ՀՊՖ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Զեփյուռ Սարդարյանն, ով օրեր շարունակ մասնակցել է առաջնության կազմակերպչական բոլոր հարցերին։

Առաջնության բացման պաշտոնական արարողութունն ուղեկցվեց Թալին համայնքի շնորհալի երիտասարդների, անհատ կատարողների և պարային խմբերի երգ ու պարի գեղեցիկ կատարումներով։ Ելույթներով հանդես եկան հրավիրյալ մշակութային գործիչներ՝ իսպանահայ օպերային երգիչ, տենոր Վանո Թադեոն և աշուղ Ռազմար Սասունցին:
 
Ներկաներին ողջունեցին և ելույթի խոսքերով հանդես եկան ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, պատվավոր հյուրերը։ Տավրոս Սափեյանն իր ելույթով ողջունեց ֆեդերացիային և ներկաներին, ինչպես նաև իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց առաջնությունը հենց Թալինում անցկացնելու համար, նշելով, որ մեծ սիրով է ընդունել թե՛ ֆեդերացիային թե՛ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկներին, մաղթեց հաջողություններ ու հաղթանակներ։ 

Թալինի համայնքապետարանի և Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի ներկայացուցիչները երկուստեք շնորհակալագրեր հանձնեցին միմյանց ՝ի երախտագիտություն Ազգ-Բանակ-Սպորտ կապի ամրապնդման, ինչպես նաև մարզիկներին աջակցելու, քաջալերելու, հայրենասիրական ոգով կրթելու և հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին համապատասխան մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով, լավագույնս հանդես եկած մարզիկներին հնարավարություն կընձեռնվի մասնակցել միջազգային մրցաշարերում։

Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնության ողջ ընթացքն անցավ հետաքրքիր ու լարված մթնոլորտում, թե՛ մարզիկներին, թե՛  մնացյալ ներկաներին պարգևելով անմոռանալի պահեր։ Մեծ հույս ենք հայտնում և վստահ ենք, որ առաջիկայում մեր մարզիկները բարձր կպահեն Հայաստանի եռագույնը միջազգային մրցաշարերում։