Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը որևէ առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ․ ԿԳՄՍՆ հայտարարությունը

Բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը որևէ առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ․ ԿԳՄՍՆ հայտարարությունը
Քաղաքականություն / Սպորտ
13:48, 15 апрель 2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշման առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։
Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»։