Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա։ Կմասնակցի Ադրբեջանը երևանյան մրցաշարին, թե ոչ, պարզ կդառնա մարտի 16-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք  պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,-ասաց Հարությունյանը:

«Մասնակցության հայտի վերջնաժամկետ սահմանված է մարտի 16-ը` մինչև աշխատանքային օրվա ավարտը: Մենք կապահովենք մասնակիցների անվտանգությունը»,- իր հերթին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ: