Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ծանրորդները 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայ ծանրորդները 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
12:28, 06 июнь 2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը՝ երկամարտի 354 կգ արդյունքով (160+194), և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցել է 377 կգ արդյունք (171+206):
 
Երկամարտում արծաթե մեդալակիրներ են դարձել Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Արա Աղանյանը երկամարտում ցույց է տվել 375 կգ արդյունք (170+205), իսկ Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով է դարձել Եվրոպայի փոխչեմպիոն՝ ընդամենը 2 կգ զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովին:
 
+109 կգ քաշայինների պայքարում էլ Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ (210+236) արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն՝ զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին, որը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը:
 
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ 371 կգ) և գերծանր քաշային Գոռ Մինասյանը (երկամարտ 446 կգ)։
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Նա նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը զրո է ստացել հրում վարժությունում՝ դուրս մնալով պայքարից:
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը ԵԱ-ին մասնակցում էր Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
 
Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված երեք մարզուհիները՝ Իզաբելլա Յալյանը, Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, անմասն են մնացել մեդալներից: Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը 5-րդ տեղն է զբաղեցրել երկամարտի 197 կգ արդյունքով (90+107): Հռիփսիմե Խուրշուդյանը, 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, դարձյալ 5-րդ տեղն է գրավել՝ երկամարտում ցույց տալով 227 կգ արդյունք (105+122): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տաթև Հակոբյանը (76 կգ), երկամարտում ձախողվել է։
 
Հայ ծանրորդներն այս գիշեր կվերադառնան հայրենիք:
 
Եվրոպայի առաջնության մրցավարական աշխատանքներում ընդգրկված է եղել միջազգային կարգի մրցավար, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Ալավերդյանը:
 
Ալավերդյանն առաջնության մեկնարկի նախօրեին տեղի ունեցած Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում նաև հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: