Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մունդիալ-2022․ Մարոկկոն և Խորվաթիան փլեյ-օֆֆում են, Բելգիան դուրս մնաց պայքարից

Մունդիալ-2022․ Մարոկկոն և Խորվաթիան փլեյ-օֆֆում են, Բելգիան դուրս մնաց պայքարից
Սպորտ
22:22, 01 декабрь 2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացան F խմբի խաղերը։ Երրորդ տուրում կայացան Խորվաթիա-Բելգիա և Կանադա-Մարոկկո խաղերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբային փուլի վերջին տուրի խաղերի արդյունքներով հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։

Խորվաթիա-Բելգիա խաղում երկու թիմերին էլ հաղթանակ էր անհրաժեշտ։ Բելգիային հաղթանակն անհրաժեշտ էր փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու, իսկ Խորվաթիային՝ խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար։ Չնայած հաղթանակը երկու թիմերի համար էլ կարևոր նշանակություն ուներ, այս խաղում գոլեր չարձանագրեցին․ այն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ Բելգիայի հավաքականը զրկվեց ուղեգրից։
Կանադա-Մարոկկո խաղում հաղթանակն առավել կարևոր էր Մարոկկոյի համար, քանի որ Կանադայի հավաքականը առաջին երկու տուրերում  կրած պարտություններից հետո զրկվել էր փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Մարոկկոյի հավաքականն այս խաղում նույնպես հրաշալի հանդես եկավ և հասավ իր նպատակին՝ հաղթանակ տանելով 2-1 հաշվով։ Արդեն 4-րդ րոպեին Մարոկկոն Հակիմ Զիեշի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ 23-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականը ևս մեկ գոլ խփեց․ Հակիմ Զիեշի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն Նեսիրին։

Կանադայի հավաքականը առաջին խաղակեսի վերջում կարողացավ կրճատել հաշիվը։ 40-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիֆ Ագուերդը։ Խաղի մնացած ժամանակահատվածում կանադացիները մրցակցին ոչինչ առաջարկել չկարողացան։ Այս հաղթանակի շնորհիվ Մարոկկոն 7 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիայի հավաքականը 5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, Բելգիան 4 միավորով երրորդն է, իսկ Կանադան 0 միավորով եզրափակում է աղյուսակը։