Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճապոնիայում արդեն հինգ օր շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 92-ի

Ճապոնիայում արդեն հինգ օր շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 92-ի
Աշխարհ
12:16, 05 январь 2024
Ճապոնիայում արդեն հինգ օր շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 92-ի։ Այս մասին են վկայում տարածաշրջանային իշխանությունների տվյալները։

Արտակարգ ծառայությունները նաև չեն կարողանում գտնել 242 մարդու գտնվելու վայրը։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի և դրանց հետևանքների պատճառով ավելի քան 250 բնակիչ ստացել է ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տարերային աղետի գոտում շարունակվում է որոնողա-փրկարարական գործողությունը, որին ներգրավվել են նաև Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։ Հունվարի 4-ին փրկարարները հայտնաբերել են կենդանի տարեց կնոջ, ով ավելի քան 72 ժամ անցկացրել է փլատակների տակ։

Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, հրդեհները ոչնչացրել են ևս 200 կառույց։ Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ այս տվյալները վերջնական չեն, քանի որ վնասի մասշտաբները շարունակում են գնահատվել։