Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ն Աֆղանստանին քաղաքացիական պատերազմից և անապահովությունից բացի ոչինչ չբերեց»․ Իրանի խորհրդարանի անդամ

«ԱՄՆ-ն Աֆղանստանին  քաղաքացիական պատերազմից և անապահովությունից բացի ոչինչ չբերեց»․ Իրանի խորհրդարանի անդամ
Աշխարհ
15:07, 01 ноябрь 2021
Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Աֆղանստանի հետ ընդհանուր կրոն, լեզու, մշակույթ և պատմություն կիսող երկիր, զգայուն է այս երկրում քաղաքական և սոցիալական զարգացումների հանդեպ։ Այս մասին նշել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա-Հոսեյն Մալեքին՝  Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի օգնականի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Մալեքին նշել է, որ Իրանը միշտ ձգտել է խաղաղություն և կայունություն հաստատել իր հարևանների հետ՝ ընգծելով, որ Իրանն աջակցում է Աֆղանստանի ներառական կառավարության ձևավորմանն՝ այդ երկրում ապրող բոլոր էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին։ 

«Չնայած ԱՄՆ-ի կողմից ճնշող պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին՝ Իրանը միշտ ընդունել է աֆղան փախստականներին՝ ելնելով մարդկային և իսլամական սկզբունքներից», - նշել է Մալեքին։

Նա ընգծել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում այլ բանի չի բերել, քան ավերածությունների,  քաղաքացիական պատերազմի, անապահովության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճի։

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի օգնականն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ը քաջատեղյակ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակում միշտ ջերմորեն ընդունել է աֆղան փախստականներին, և դրա արդյունքում ինքն է դժվարություններ կրել:

«Ներկայումս այդ երկրում հումանիտար ճգնաժամ է, որը պետք է լուծվի ՄԱԿ-ի և հարևան երկրների օգնությամբ»,- ընդգծել է նա։

Սյուզի Սիրականյան