Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք աջակցում ենք Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորմանը»․ Իրանի ԱԳ նախարար

«Մենք աջակցում ենք Աֆղանստանում  ներառական կառավարության ձևավորմանը»․ Իրանի ԱԳ նախարար
Միջազգային
17:58, 27 октябрь 2021
Այսօր մեկնարկել է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երկրորդ հանդիպումը` Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Նրանց թվում են Աֆղանստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարները, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի բանագնացները, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպումը նվիրված է Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորմանը նպաստելու ուղիներին։ Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպմանը մասնակցել են տեսակոնֆերանսի միջոցով։ Հանդիպմանը՝ որպես հյուրեր, մասնակցել են նաև Թեհրանում բնակվող օտարերկրյա երկրների դեսպանները։

Բոլոր 7 արտգործնախարարները հրապարակային ելույթով հանդես եկան՝  նախքան  համատեղ հայտարարություն համաձայնեցնելու համար առանձին քննարկման գնալը։

Ողջունելով համաժողովը՝ նրանք բոլորն ընդգծեցին հարևան պետությունների շարունակական համագործակցության անհրաժեշտությունն՝ Աֆղանստանը փլուզումից կամ քաղաքացիական պատերազմից հեռու պահելու համար, ինչը լուրջ հետևանքներ կթողնի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս:

«Մենք աջակցում ենք Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորմանը։ Այսօրվա հանդիպման նպատակն է կենտրոնանալ Աֆղանստանում ստեղծված նոր իրավիճակի վրա: Մենք հույս ունենք, որ կկարողանանք ընդհանուր ուղերձ հղել միջազգային հանրությանը, տարածաշրջանի մյուս երկրներին և Աֆղանստանին», - ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:

Նա ընդգծել է, որ Աֆղանստանի քաղաքացիների անվտանգության, ինչպես նաև հարևանների հետ սահմանների անվտանգության հարցն առաջին հերթին Քաբուլի ղեկավար մարմնի պատասխանատվության ներքո է․ «Մենք բոլորս պետք է օգնենք Աֆղանստանին՝ դուրս գալ ներկայիս ճգնաժամից»։

Նա նաև նշել է, որ հարգանքն այլ պետությունների ինքնիշխանության հանդեպ, այդ պետությունների տարածքային ամբողջականության պահպանումը, և այլոց գործերին չմիջամտելը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից են։

«Աֆղանստանում այսօրվա ճգնաժամի լուծումը պահանջում է ներքին համախմբվածություն, Աֆղանստանի հարեւան երկրների ունեցած ողջ կարողությունների օգտագործում», - ասել է  Իրանի ԱԳ նախարարը, կարևորելով Աֆղանստանում քաղաքական և հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածման խնդիրը, մարդու իրավունքների, հատկապես կանանց իրավունքներին առընչվող խնդրները։

Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Աֆղանստանին պատճառած աղետների համար, նշելով, որ «Աֆղանստանի ներկայիս խնդիրներից շատերը արտաքին միջամտության պատճառ են, և Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն կրի դրա համար»:

«Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների, հատկապես ԻԼԻՊ-ի ակտիվացմանը։ Բոլորիս պարզ դարձավ, որ խմբավորումը օպերատիվ հնարավորություններ է ձեռք բերել Աֆղանստանում, իսկ թալիբները չեն կարողացել խոչընդոտել խմբավորման գործողությունները՝ տարբեր քաղաքներում», - ասել է Ամիր-Աբդոլլահյանը, հավելելով, որ թալիբների համար կարևոր է  քայլեր ձեռնարկել, որպեսզի Աֆղանստանից որևէ վտանգ չսպառնա այս երկրներին։

«Թալիբանը, որպես Աֆղանստանում իշխող ուժ, անհերքելի դեր ունի անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում, հարգելով տարբեր խմբերի, այդ թվում՝ կանանց իրավունքները և ապահովելով Աֆղանստանի քաղաքացիներին կենսապայմաններով, հարգելով էթնիկ և կրոնական փոքրամասնություններին և վերացնել երկրում մարդկանց տեղահանությունները», - ասել է նա՝ հավելելով, որ թալիբների համար կարևոր է  բարեկամական մոտեցում ցուցաբերել՝ հարևան երկրների հանդեպ։

Հիշեցնենք, որ Աֆղանստանի հարևան երկրների առաջին հանդիպումը կայացել էր առցանց՝ սեպտեմբերի 8-ին։ 

Սյուզի Սիրականյան