Քաղաքացիակենտրոն
լրատվություն

The New York Times-ը Բուչայում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների հետ կապված արբանյակային պատկերների վերլուծություն է կատարել

The New York Times-ը Բուչայում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների հետ կապված արբանյակային պատկերների վերլուծություն է կատարել
Աշխարհ
10:32, 05 апрель 2022
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Բուչայում սպանվածների մարմիններն այնտեղ են հայտնվել մարտի 11-ից, երբ քաղաքը գտնվում էր ռուսական Զինված ուժերի վերահսկողության տակ։ Սա հերքում է Ռուսաստանի այն կեղծ հայտարարությունները, թե իբրև այդ մարդիկ սպանվել են քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին հայտնել է The New York Times-ը, փոխանցում է Украинская правда-ն:

«The Times-ի տեսանյութերի և արբանյակային պատկերների վերանայումը ցույց է տալիս, որ շատ խաղաղ բնակիչներ սպանվել են ավելի քան երեք շաբաթ առաջ, երբ ռուս զինվորականներն էին վերահսկում քաղաքը:

Ապրիլի 2-ին տեղական խորհրդի անդամներից մեկի կողմից արված տեսանյութերից մեկում երևում են բազմաթիվ դիեր, որոնք սփռված են Բուչայի Յաբլոնսկա փողոցի երկայնքով: Maxar Technologies-ի կողմից The Times-ին տրամադրված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ դրանցից առնվազն 11-ը փողոցում են եղել մարտի 11-ից, երբ Ռուսաստանը՝ իր իսկ խոսքերով, քաղաքը գրավեց։ The Times-ի վիզուալ հետաքննությունների թիմը վերլուծել է արբանյակային պատկերները՝ ռուսական ուժերի քաղաք մտնելուց առաջ և դուրս գալուց հետո:

Պատկերները ցույց են տալիս մարդու մարմնի չափ մուգ առարկաներ, որոնք հայտնվել են Յաբլոնսկա փողոցում մարտի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Նրանք հայտնվում են ճիշտ նույն դիրքում, որում դիակները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը վերադարձրել են Բուչան իրենց վերահսկողության տակ»,- գրել է The New York Times-ը:

Ըստ պարբերականի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ մարմիններն այդ դիրքում մնացել են ավելի քան երեք շաբաթ։

Նշվում է, որ դիակներից մի քանիսը ավտոմեքենաների մոտ են եղել: Երեքը պառկած են եղել հեծանիվների կողքին, իսկ մի քանիսի ձեռքերը՝ մեջքի հետևում սպիտակ կտորով կապված։