Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի կողմից սպառազինության փոխանցումը ՌԴ թույլ չտալու համար. Պետդեպ

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի կողմից սպառազինության փոխանցումը ՌԴ թույլ չտալու համար. Պետդեպ
Աշխարհ
10:55, 20 октябрь 2022
Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել իր դաշնակիցների հետ և սահմանել սահմանափակող միջոցներ, որպեսզի Իրանին թույլ չտա «վտանգավոր սպառազինություն» փոխանցել Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Մենք հակված ենք աշխատելու դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու համար վտանգավոր սպառազինության փոխանցումը Ռուսաստան: Մենք չենք վարանի պատժամիջոցների և այլ գործիքների կիրառման հարցում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են այդ մատակարարումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այն պնդումների կապակցությամբ, թե իբր Իրանը անօդաչուներ է մատակարարում ՌԴ-ին: 
 
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ Վաշինգտոնը «կշարունակի մեծացնել օգնությունն Ուկրաինային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել այդպիսի սպառազինությունից»։
 
Չորեքշաբթի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացվել է փակ նիստ, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել Ռուսաստանին Իրանի կողմից անօդաչուներ մատակարարելու վերաբերյալ։ Դրա ավարտին լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, ինչպես նաև ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին հայտարարել էին, որ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը կտրականապես հերքում են արևմտյան երկրների կողմից առաջադրված մեղադրանքները։