Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Ռուսաստանից պաշտոնապես կպահանջի արտահանձնել ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալիին՝ չնայած ՌԴ-ն վերջինիս հանձնել է Բաքվին

Հայաստանը Ռուսաստանից պաշտոնապես կպահանջի արտահանձնել ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալիին՝ չնայած ՌԴ-ն վերջինիս հանձնել է  Բաքվին
Տարածաշրջան
13:58, 22 февраль 2024
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մոսկվայից Բաքու վերադարձած ադրբեջանցի Քյամիլ Զեյնալին այսօր Մոսկվայում պետք է կանգներ դատարանի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարած բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար։ Սակայն ռուսական կողմը, խախտելով ՀՀ-ի հետ իրավական համագործակցության և հանցագործների էքստրադիցիայի մասին պայմանագրերը, հրաժարվեց կատարել իր պարտավորությունը և կանգնեցնել նրան դատարանի առաջ կամ հանձնել Հայաստանին։  

Այնուամենայնիվ տեղեկացանք, որ Հայաստանը պատրաստվում է պաշտոնապես պահանջել Ռուսաստանից հանձնել հանցագործին ՀՀ-ին՝ համաձայն առկա միջպետական պայմանագրերի։ «Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝  ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- Civic.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ «Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ. խափանման միջոցը՝ կալանք»,- նշեց խոսնակը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում քննվող քրեական գործով Քյամիլ Զեյնալիին մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 135 (մարդկության դեմ հանցագործություններ), 137 (ռազմական հանցագործություններ), 140 (ռազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (վարձկանների ներգրավում) և 149 (ագրեսիա) հոդվածներով։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ 2 հադրութցու գլխատելու համար, ինչի մասին  տեսանյութը հենց ինքն էր տեղադրել համացանցում։

Քյամիլ Զեյնալին ներգրավված է եղել նաև Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում, դեռ 2020 թվականի հուլիսին։ Նա նշել էր, որ հրահանգը եկել է հենց Ալիևից։ «Եղբայրնե՛ր, հայի արյուն թափեք, ձեզ Ադրբեջան կուղարկեն՝ ինչ էլ լինի։ Դուք կվերադառնաք որպես տղամարդ: Լսո՞ւմ ես, եղբայր, կան տղամարդ տղերք, որոնք հայի գլուխները կտրում են, մեր նախագահը մեզ հետ է»,- նշել է Զեյնալին իր տարածած տեսանյութերից մեկում։ 

Այս առթիվ ՌԴ-ում 2020-ին հարուցված քրգործ կա, և կան տուժողներ, սակայն նույնիսկ այս գործով ՌԴ արդարադատությունը անկարող գտնվեց, ավելի կոնկրետ՝ չգործեց, ու հանցագործը հայտնվեց Բաքվում։  

Հետաքրքիր է լինելու ՌԴ պաշտոնական պարզաբանումը, քանի որ ՌԴ-ն մի շարք պարտավորություններ ունի ՀՀ-ի հետ միջպետական պայմանագրերով, և ՀՀ-ն իրականացնում է էքստրադիցիայի մասով իր պարտավորությունները, և կան հանցագործների էքստրադիցիայի բազմաթիվ դեպքեր։ 

Մ. Խ.