Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի՝ «Անադոլու»-ին տված հարցազրույցին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի՝  «Անադոլու»-ին տված հարցազրույցին
Տարածաշրջան
18:09, 07 март 2024
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը, որում վերջինս բարձրացրել է մի շարք հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման և հաղորդակցությունների բացման հետ։

Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները «մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը և չեն արտացոլում իրողությունները»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ կրկնել է, որ Հայաստանը «փորձում է թաքցնել երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հավասարության 30 տարի շարունակ խախտած սկզբունքները»:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի շարունակական պահանջները ուղղակիորեն հակասում են արտգործնախարարի հայտարարություններին։ Լայնորեն հայտնի են Հայաստանի վերապահումները Ալմա-Աթայի հռչակագրին միանալու վերաբերյալ, որին նա հաճախ է հղում անում, ինչպես նաև օրենսդրական ակտերի առկայությունը, որոնք արգելում են Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ կրկին անդրադարձ է կատարվել հաղորդակցությունների բացման թեմային և նշվել, որ Հայաստանը «տարբեր պատրվակներով խոչընդոտում է հաղորդակցությունների բացմանը, չի առաջարկել հարցի լուծման ոչ մի գործնական տարբերակ՝ համաձայնագրին հասնելու նպատակով, և միայն պոպուլիստական հայտարարություններ է արել: Եվ այս ամենը ոչ մի դեպքում չի նպաստում տարածաշրջանում համագործակցությանը»: 

«Ադրբեջանի դեմ նման սադրանքների և քաղաքական մանիպուլյացիաների փոխարեն հայկական կողմը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով հետևի միջազգային պարտավորություններին և նպաստի խաղաղության գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։