Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաստատակամ ենք ՀՀ կառավարության հետ զարգացնելու հարաբերությունները». Իրանի դեսպանը՝ ՀՀ իշխանությունների բրյուսելյան հանդիպման մասին

«Հաստատակամ ենք ՀՀ կառավարության հետ զարգացնելու հարաբերությունները». Իրանի դեսպանը՝  ՀՀ իշխանությունների բրյուսելյան հանդիպման մասին
Տարածաշրջան
17:48, 16 апрель 2024
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր կայացած մամուլի ասուլիսում «օվկիանոսից այն կողմ» երկրների շարքում դասել է Միացյալ Նահանգներին և որոշ եվրոպական երկրների: 

Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը և հարցին, թե ինչպես է հայ-իրանական հարաբերությունների վրա ազդում Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ, Իրանի դեսպանն ասաց. «Այս հարցի հետ կապված մենք Հայաստանի իշխանությունների հետ խոսել ենք: Հայաստանի իշխանությունները մեզ ասացին, որ այդ հանդիպումը ամբողջովին տնտեսական բնույթ է կրում, ինչպես նաև ԼՂ ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է և ուղղված չէ որևիցե երրորդ երկրի դեմ: Բնականաբար, Հայաստանի ջանքերին՝ ուղղված տնտեսության ամրապնդմանը և ԼՂ ժողովրդի խնդիրների լուծմանը, մենք դեմ չենք: Դա Հայաստանի իրավունքն է՝ փնտրելու տնտեսական զարգացման և խնդիրները լուծելու ուղիներ»: 

Նա նշեց, որ իրենց մտահոգությունն այն է, որ Հայաստանը և Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, կամ ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի ի հաշիվ այլ երկրների. «ՀՀ իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը ՀՀ-Իրան հարաբերությունների դեմ չէ»:

Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի հետ ունի լավ ստրատեգիական հարաբերություններ. «Եվ մենք հաստատակամ ենք ՀՀ կառավարության հետ հարաբերությունները զարգացնելու և կշարունակենք այդ ուղղությունը»: