Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի խնդրով միջազգային հանրության՝ վերջին օրերի ուշադրության ինտենսիվացումը սառույցը հալչելո՞ւ նշան է, թե՞ պայմանավորված է պարզապես քաղաքական տարաբնույթ սակարկումների հանգամանքով

Լաչինի խնդրով միջազգային հանրության՝ վերջին օրերի ուշադրության ինտենսիվացումը սառույցը հալչելո՞ւ նշան է, թե՞ պայմանավորված  է պարզապես քաղաքական  տարաբնույթ սակարկումների հանգամանքով
Տարածաշրջան
16:06, 18 январь 2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների վրա։

Միջանցքը բացելու մասին հայտարարություն է արել նաև ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ նշելով. «Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. բնակչությունը չպետք է դառնա պատանդ»։
 
Բացի Ռուսաստանի ներկայացուցիչներից, նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ և Միացյալ Թագավորության ներկայացուցիչներն են Լաչինի հարցով հայտարարություններ արել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական բնակչության անխափան տեղաշարժն ապահովելու համար։  

Արդյոք մեկ ամսից ավելի փակ մնալուց հետո Լաչինի միջանցքի խնդրով սառույցը հալչո՞ւմ է, և, այսպես կոչված, միջազգային հանրությունը հասկանո՞ւմ է, որ Արցախում հումանիտար իրավիճակը շատ մոտ է աղետի վերածվելու, որը կարող է միջազգային հանրության հեղինակության վրա մեծապես ազդել, թե՞ սրանք հերթական, հերթապահ հայտարարություններ են։  

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նկատելի է ուշադրության որոշակի աշխուժացում, որ դրսևորվում է տարբեր հարթակներում, բայց իրավիճակի փոփոխության  մասին հնարավոր կլինի դատել միայն այն դեպքում, երբ փոխվի այդ ուշադրության տրամաբանությունը։ «Այսինքն՝ ոչ թե հաճախակիանան կոչերը, այլ դրանցում տեղ  գտնի նաև պատասխանատվության խնդիրը։ Այսինքն՝ մենք լսենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու զգուշացումներ կամ արձանագրություններ։ Այլապես ուշադրության ինտենսիվացումը կարող է պայմանավորված լինել նաև պարզապես քաղաքական  տարաբնույթ սակարկումների հանգամանքով, որ ծավալվում են Լաչինի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակում։ Իսկ որ այդ իրավիճակը իր մեջ պարունակում է այդպիսի գործընթացներ ավելի մեծ խաղացողների շրջանակում՝ կասկածից վեր է»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Վերլուծաբանը Ադրբեջանի այս գործողությունները պատերազմական բնույթի քայլեր որակեց և նշեց, որ Ադրբեջանը դրան կգնար  միայն այն դեպքում, երբ ունենար միջազգային որոշակի գերակա լոյալության վստահություն։

«Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ քաղաքական որոշակի ինտենսիվ պրոցեսներ տեղի են ունենում, մասնավորապես՝ ռեգիոնալ խաղացողների շրջանակում, վերջին երկու-երեք օրերին բավական աշխույժ քննարկումներ են ծավալվել Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան, Իրան-Ռուսաստան եռանկյունու ձևաչափում»,- ասաց Բադալյանը և հիշեցրեց նախօրեին տեղի ունեցած Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման և հնչած հայտարարությունների մասին, որտեղ նշվում էր, որ Կովկասում կայունությունը կարևոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի համար։ Նաև Իրանի ԱԳ նախարարը հերթական անգամ հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհագրության մեջ որևէ փոփոխություն։ 

Ըստ Բադալյանի՝ Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է որևէ մակարդակում փոխհամաձայնությամբ։ «Դա կլինի Հայաստան-Ադրբեջան, կլինի Արցախ-Ադրբեջան, թե Ռուսաստան-Ադրբեջան մակարդակում, թե ավելի մեծ մակարդակում՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, որի հանրագումարում կստիպեն Ադրբեջանին քայլ անել միջանցքը բացելու ուղղությամբ՝ ինչ-որ կերպ պահելով Ադրբեջանի դեմքը, չեմ կարող ասել, բայց ինչ-որ մակարդակում համաձայնությամբ կարող է լուծվել հարցը։ Սա պարզ է։ Խնդիրն այն է, թե ո՞ր մակարդակում։ Կարծում եմ, այնուհանդերձ, ավելի բարձր՝ ռեգիոնալ խաղացողների շրջանակում է լուծվելու հարցը։ Այս շրջանակում հարցերը քննարկվում են շատ ավելի մեծ դիապազոնով, քան  զուտ արցախյան խնդիրը։ Տեսնում ենք հիմնարար քննարկումներ Սիրիայի հարցում և այլն։ Կարծում եմ՝ Արցախի հարցը և Լաչինի միջանցքի ճգնաժամը այստեղ ևս փոխարկելի արժույթ են այս խաղացողների համար, և Ադրբեջանը սա հասկանում է ու այս հաշվարկներն անելով է գնացել նման քայլի։ Ալիևը շարժվում է այն տրամաբանությամբ, որ պետք է առաջ քաշել ինչ պայման որ հնարավոր է  և փորձել ստանալ այնքան, որքան կկարողանա ստանալ»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Բադալյանը նկատեց, որ գրեթե բոլոր կողմերը կոչ են անում, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով, ինչը, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ այդ կողմերը Հայաստանին ասում են, որ Ադրբեջանի որևէ պայման պետք է բավարարվի։ Բադալյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ այդ առանցքային խաղացողների շրջանակում միայն Ֆրանսիան է, որ հայտարարել է, թե միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների։

«Եթե պարզեցնենք իրավիճակը՝ Բաքուն օգտվում է հետևյալից․ Արևմուտքը փորձում է դուրս մղել Ռուսաստանին ռեգիոնից կամ էապես թուլացնել ազդեցությունը։ Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա,  նաև ԱՄՆ-ն բաց տեքստով նշում է, որ իր խնդիրն է կանգնեցնել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը, իսկ դրա համար Կովկասը իրենց համար դիտվում է ցանկապատ, և այդ դերը պետք է կատարեն Թուրքիան և Ադրբեջանը։ Բնականաբար Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են օգտվել ստեղծված իրավիճակից, մի կողմից՝ իրենց այս ծառայությունը փորձեն թանկ վաճառել Արևմուտքի վրա, մյուս կողմից նաև՝ Ռուսաստանի և Իրանի։ Եվ այստեղ առաջանում են այն բարդությունները, որոնք, ցավոք սրտի, կոտրվում են մեր գլխին։ Այստեղ մեզանից՝ Հայաստանից և Արցախից, շատ մեծ ճկունություն է պահանջվում, շատ բարդ աշխատանք։ Ակնհայտ է, որ Երևանն ու Ստեփանակերտը փորձում են անել դա։ Սա շատ հակասական ընկալումներ է ունենում հասարակական շրջանակներում, բայց, ցավոք սրտի, ավելի հարմարավետ խաղի հնարավորություն մենք այսօր չունենք։ Միևնույն ժամանակ կարևոր է արձանագրել, որ Հայաստանն, ըստ իս, ճիշտ է անում, երբ  խուսափում է Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ մտնել։  Որովհետև, հակառակ դեպքում, Ադրբեջանի վրայից կհանվի այն  պարտավորությունը, որ Բաքուն  ունի նոյեմբերի 9-ի համաձայնագրով»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Միևնույն ժամանակ, Բադալյանը նկատեց, որ Բաքուն հրաժարվում է  բանակցել Ստեփանակերտի հետ, քանի որ նա փորձում է փոխել իր պարտավորությունները։ Հետևաբար Բաքուն հրաժարվելու է Ստեփանակերտի հետ բանակցել կամ, առնվազն, բանակցելու է «ռեինտեգրացիայի» թեմայով։ Այսինքն՝ կբանակցեն միայն այն թեմայով, թե ինչպե՞ս կարող են Արցախի քաղաքացիները դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ։ «Բաքուն Ստեփանակերտի հետ կգնա բանակցությունների միայն այն ժամանակ, երբ ստիպված լինի։ Այժմ, սակայն,  ես չեմ տեսնում որևէ կողմի, որ կստիպի Ադրբեջանին բանակցել Ստեփանակերտի հետ սուբյեկտային տրամաբանությամբ, այսինքն՝ ոչ այդ ռեինտեգրացիայի տրամաբանությամբ»,- ասաց վերլուծաբանը։  

Ֆրանսիայի դիրքորոշումն է, որ մի փոքր տարբերվում է մյուսների դիրքորոշումներից։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները, ինչպես նկատեց Բադալյանը, ուղիղ տեքստով պետքարտուղարի տեղակալի մակարդակով ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն Լաչինի միջանցքը բացելու թեմայով։ «Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ինչ-որ փոխզիջման գնա Ադրբեջանի հետ։ Խնդիրը այն չէ, որ պետք է հրաժարվել որևէ փոխզիջումից, բայց այս պարագայում այդ փոխզիջումը նշանակելու է Ադրբեջանի համար ստեղծել շանտաժով պայման թելադրելու նախադեպ  և խուսափել պարտավորություններից։ Այստեղ առաջանում է մեկ այլ հարց. իսկ որևէ մեկը կերաշխավորի՞, որ  այդ համաձայնությունից մեկ կամ երկու շաբաթ անց Ադրբեջանը ևս մի այդպիսի քայլ չի անի։ Սա է խնդիրը։ Եթե մենք հասկանանք կամ համոզվենք, որ որևէ փոխզիջում հիմնարար  կերպով ինչ-որ հարց կարգավորելու է, ապա խնդիրը այլ տեսանկյունից է ներկայանում, բայց մենք այսօր չունենք դրա որևէ շոշափելի երաշխիք։ Հայաստանը պետք է բանակցության մեջ մտնի ընդհանուր փաթեթի իմաստով։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամբողջական կատարում ոչ թե առանձին  դետալային կետի վերաբերյալ, որը հենց  Ադրբեջանը փորձում է փոխել, այլ ամբողջական կատարում։ Կամ, կարծում եմ, Հայաստանը պետք է արդյունավետ դիվանագիտական ուղիներ փնտրի ավելի խոշոր խաղացողների հետ։ Տվյալ  դեպքում, իմ գնահատմամբ, դա ռեգիոնալ շրջանակն է։

Ինչպես էլ մենք վերաբերվենք ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին, այս ռեգիոնում էական դերակատարները այդ երեքն են, և մենք պետք է  արդյունավետ դիվանագիտական մեխանիզմներ փորձենք ձևավորել այդ երեքի հետ և այդ հիմքի վրա արդեն կառուցենք արդյունավետ հարաբերություն այլ դերակատարների հետ։ Այս  տեսանկյունից ես  ողջունելի եմ  համարել այն բանաձևը, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց իր ասուլիսում՝ որ Հայաստանը պետք է առաջնորդվի տարածաշրջանից դեպի աշխարհ սկզբունքով, ոչ թե հակառակը»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Մեկ ամսից ավելի տևած շրջափակումից հետո, ի վերջո, հիմա իրավիճակը ավելի մո՞տ է հանգուցալուծման, թե՞  ավելի պատային է դարձել։ Որևէ մեկը, ըստ Բադալյանի, չի կարող դա գնահատել, որովհետև դրա համար մեծ տեղեկատվություն է անհրաժեշտ, որը չկա։ «Կարծում եմ, ընդհանուր առմամբ, իրավիճակը գնում է դեպի էլ ավելի բարդացում ամբողջ աշխարհում՝ ռուս-ուկրաինական պատերազմն է գնալով խորանում։ Ռուսաստանը բարձրացնում է պատերազմում ռանգը, Արևմուտքն է շատ ավելի ծանր և ուժեղ սպառազինություն մատակարարել Ուկրաինային, իսկ այս պայմաններում մտածել, որ որևէ այլ ռեգիոնում հնարավոր է  հաստատուն կայունություն՝ թերևս կլինի միամտություն։ Վաղը կարող է Լաչինի միջանցքը ապաշրջափակվել, բայց որևէ երաշխիք չկա, որ ինչ-որ նոր ճգնաժամ չի հասունանա որևէ ժամանակ անց։ Մենք շարունակում ենք լինել  համաշխարհային անկանխատեսելիության շղթայի մաս»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Վովա Հակոբյան