Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հին օդիոզ դեմքերը պետք է կողմ քաշվեն, ոչ թե նորից փորձեն վերադառնան իշխանություն․ դա մենք թույլ չենք տալու». Ժիրայր Սեֆիլյան

«Հին օդիոզ դեմքերը պետք է կողմ քաշվեն, ոչ թե նորից փորձեն վերադառնան իշխանություն․ դա մենք թույլ չենք տալու». Ժիրայր Սեֆիլյան
---
16:55, 18 февраль 2021
Այսօր Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարեց, որ դիմադրական նոր շարժում է սկսում ու մարտի 16-ին հանրահավաք է կազմակերպում: «Սասնա ծռեր» շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին  հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք նոյեմբերի 9-ից սկսած՝ պահանջում են այս իշխանությունների հրաժարականը.

«Մենք ուզում էինք այս վիճակից լուծումը գտնել երկխոսությամբ: Ենթադրում էինք, որ տեղի ունեցած արհավիրքից հետո բոլոր ուժերը ներազգային հակասությունները մի կողմ կդնեին, լուծում կգտնեին: Բայց դժբախտաբար հատվածապաշտական, ռեւանշիստական հայտնի ուժերը մոսկվաներ գնալ-գալով, թեւերի տակ ձմերուկներ դնելով, որ հեսա-հեսա՝ իշխանությունը վերցնում են, կարիքը չունեն որեւէ մեկի՝ արդեն 3 ամիսը անցավ: Այսպես երկար չենք կարող համբերել: Ունենք որոշում: Մեր առաջարկությունը, որ եղել է փակ սենյակներում, հանդիպումների ժամանակ, այդ օրը պետք է բարձրաձայնենք ու ժողովրդի կամքի դեպքում դա կյանքի կոչենք»: Սեֆիլյանը համախոհներին կոչ արեց համախմբվել՝ այս ճահճից դուրս գալու:

Սեֆիլյանն ասաց. «Նեխած սենյակներից դուրս բերված շրջանակներ հանկարծ ակտիվացել են եւ անամոթաբար մեր երկրում բարձրացնում են օտարի դրոշը ու պահանջում մեր պետականության վերջը»: Սեֆիլյանը նաեւ ընդգծեց, որ մեր ժողովրդի մեծ մասը չի ուզում նախկին իշխանությունների վերադարձը, չի ուզում նաեւ, որ ներկաները մեկ օր իսկ մնան, նոր ուժ են ուզում. «Մենք վստահ ենք, որ այդ նոր ուժի ձեւավորումը Ազգային ժողովրդավարական բեւեռին հաջողվելու է»,-հայտնում է Aravot.am-ը։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, պետք է առաջնահերթ համախմբեն ազնիվ, ժողովրդի շրջանում հեղինակություն վայելող մարդկանց՝ վերկուսակցական տրամաբանությամբ, ու եթե այսօրվա ընդդիմադիրները լրջանան ու հասկանան, որ օր առաջ այս վիճակից դուրս գալու համար պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնել՝ հնարավոր կլինի նաեւ այդ շրջանակի որոշ հատվածի հետ համագործակցել. «Հին օդիոզ դեմքերը պետք է կողմ քաշվեն, ոչ թե նորից փորձեն վերադառնան իշխանություն: Դա մենք թույլ չենք տալու»: