Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկել ենք ծանոթանալու կոմբինատի գործունեությանը, անելիքներին և զրուցելու մեր հետագա ընդհանուր ծրագրերի մասին․ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՊՄԿ․ Տեսանյութ

«Այցն աշխատանքային է, քանի որ ՀՀ կառավարությունն արդեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսի բաժնետեր է, և մենք, բնականաբար, որպես բաժնետեր, որպես կառավարության ներկայացուցիչներ՝ այսօր եկել ենք ծանոթանալու կոմբինատի գործունեությանը, անելիքներին և զրուցելու մեր հետագա ընդհանուր ծրագրերի մասին: Ներկայացրել ենք նաև ապագա խորհրդի մեր ներկայացուցչին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց այցով Սյունիքի մարզում գտնվող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: 

Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ի հետ կապված վերջին դատական գործընթացին, որով ԶՄՊԿ 12,5 տոկոսի բաժնետերը պահանջում է չեղյալ հայտարարել կոմբինատի 60 տոկոսի վաճառքն ու 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը, փոխվարչապետը նշեց, որ դա չի խանգարում կառավարության գործունեությանը. «Դա աշխատանքային պրոցես է: Գործընկերները, ովքեր համարում են, որ այդտեղ կա որոշակի ոչ իրավաչափ գործողություններ, դիմել են դատարան, և բնականաբար դատարանը նրանց կպատասխանի: Մենք համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իրավաչափ է, և մենք էլ մեր հերթին պիտի պաշտպանենք մեր դիրքերը և ՀՀ շահերը»:

Սուրեն Պապիկյանը կարծում է, որ իհարկե ԶՊՄԿ-ն նախկինում ազդեցություն ունեցել է Սյունիքում ընտրությունների վրա, և այդ ազդեցությունը շարունակվում է. «Սակայն տնօրինությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չեզոքացնի բիզնես նպատակով գործունեություն ծավալող ընկերություններին քաղաքականության մեջ մտնելուց, ինչը հակասում է թե իրենց կանոնադրությանը, թե մեր ընդհանուր մոտեցումներին»:

Փոխվարչապետը շատ բարձր է գնահատում Կապանում ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավորությունները: «Մենք ունենք բավականին երիտասարդ և ամուր թիմ, որը առաջիկա երեք շաբաթների ընթացքում պիտի ի ցույց դնի մեր բոլոր նպատակներն ու ծրագրերը, որպեսզի կապանցին քաղաքի կառավարումը վստահի մեր քաղաքական թիմին»,-  նշեց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ինքը երբեք չի թերագնահատում մրցակիցների դերը. «Դա քաղաքացու որոշումն է, կապանցու որոշումն է, և կապանցին կորոշի, թե որ թեկնածուն ինչպիսի հեղինակություն և հնարավորություն ունի: Մենք դա կիմանանք նոյեմբերի 14-ին»:

Անդրադառնալով Սյունիքի մարզի մի քանի բնակավայրերում ՔՊ-ի կողմից քիչ ձայն հավաքելու փաստին՝ փոխվարչապետ Պապիկյանը նկատեց. «Պատճառներն ու գործոնները տարբեր են: Մենք իհարկե մտորելու, վերլուծելու խնդիր ունենք: Մի մասը, իհարկե, արդեն իսկ մեզ համար պարզ է, բայց պիտի հետևություններ անենք, որպեսզի ՏԻՄ մյուս ընտրություններում հաղթանակներ գրանցենք»: 

Նրա կարծիքով՝ մարզային իշխանությունը բավական ամուր է, կայուն է և կանգնած է մեր երկրի, մեր պետականության հիմքում. «Սյունիքում տարածքային մարմինները մշտապես եղել են բավականին ուժեղ և վայելել են քաղաքացիների վստահությունը: Կարծում եմ՝ այսօր էլ մեր մարզպետը վայելում է սյունեցիների վստահությունը»:

Խոսելով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի մասին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ի սկզբանե ճանապարհը նախատեսված է եղել թեթև մարդատար ավտոմեքենաների համար, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այժմ իրականացվում են ճանապարհի ընդլայնման աշխատանքներ. «Ես չէի ասի, թե ճանապարհը նեղ է, կառուցված է բոլոր ստանդարտներին համապատասխան: Խնդիրը իրականում կապված է, այսպես կոչված, Սատանի կամրջի և Տաթևի ոլորանների հետ: Դրան էլ այլընտրանքային ճանապարհի կառուցում մենք արդեն սկսել ենք և առաջիկա ամիսներին հաջող աշխատանքի պարագայում մենք կունենանք նոր ճանապարհ»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գեղամ Ադյան