Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՊՄԿ-ի 12,5 տոկոս բաժնետերը դատարանում ԶՊՄԿ-ի 60 տոկոսը գնած բաժնետիրոջից պահանջում է կոմբինատի կապիտալ վերադարձնել վաճառված ու նվիրաբերված բաժնետոմսերը

ԶՊՄԿ-ի 12,5 տոկոս բաժնետերը դատարանում ԶՊՄԿ-ի 60 տոկոսը գնած բաժնետիրոջից պահանջում է կոմբինատի կապիտալ վերադարձնել վաճառված ու նվիրաբերված բաժնետոմսերը
Հայաստան
18:50, 22 октябрь 2021
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն օրերս հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նոր բաժնետեր «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև իրականացված բաժնետոմսերի վաճառքի ու նվիրատվության գործարքներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Նշենք, որ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսը: Այս բաժնետոմսերի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար, ՌԴ նախագահ Վ. Պուտինի նախկին խորհրդական Միխայիլ Զուրաբովն է:  

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դեռևս 2020թ.-ից իր կապիտալում եղած բաժնետոմսերի 60 տոկոսն այս տարվա սեպտեմբերի 30-ին վաճառեց ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը՝ Ռոման Տրեցկոյին, որն էլ իր ձեռք բերած բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը՝ վարչապետի աշխատակազմին։ Կառավարությանը նվիրաբերած 25 տոկոս բաժնետոմսերը կազմում են ամբողջ կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը։  

«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ  ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, որը նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ է, Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ ԶՊՄԿ-ն մոտ 75 տոկոս բաժնետոմսերը հետ էր գնել «Քրոնիմետ մայնինգ»  ու «Մաքուր երկաթ» ընկերություններից, և այն գտնվում էր ԶՊՄԿ-ի բալանսում, «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը դիմել էր ԶՊՄԿ-ին այդ բաժնետոմսերը կամ իրեն վաճառելու, կամ մարելու համար. «Մի քանի ամիս առաջ երբ տեղեկություն եղավ, որ ԶՊՄԿ-ն իր բաժնետոմսերը կարող է վաճառել, «Զանգեզուր մայնինգը» դիմել էր ընկերությանը՝ նշելով, որ եթե վաճառում եք, ապա մենք ցանկանում ենք ձեռք բերել, իսկ եթե չեք վաճառում, ապա մարենք: Ընկերությունը չէր պատասխանել, և կար դատական գործ, որով պահանջում էինք նախապատվության իրավունքը իրականացնել, այսինքն՝ բաժնետոմսերը վաճառել «Զանգեզուր մայնինգ»-ին, ոչ թե այլ երրորդ անձի»:
 
Արամ Օրբելյանի խոսքով՝ Հայաստանի կորպորատիվ իրավունքում  փակ բաժնետիրական ընկերությունների և ՍՊԸ-ների ընդհանուր կարգավորումների համաձայն՝ եթե նոր մասնակից պետք է մտնի ընկերություն, ապա եղած մասնակիցներն ունեն առաջնային իրավունք ներդրում անելու՝ բաժնետոմսերը ձեռք բերելու, կամ եթե մասնակից պետք է փոխվի, եղածներն իրավունք ունեն ձեռք բերելու բաժնետոմսերը, հետո նոր խաղացողը կարող է մտնել. ««Զանգեզուր մայնինգը» դիմել էր դատարան և պահանջել էր բաժնետոմսերն իրեն վաճառել: Միևնույն ժամանակ ընկերությունը դեմ չէր, որպեսզի բաժնետոմսերը մարվեն, եթե որոշում չկա վաճառելու: Բայց պարզվեց, որ կա նման որոշում, և բաժնետոմսերը վաճառվել են երրորդ անձի, որից հետո էլ նվիրատվություն է եղել վարչապետի աշխատակազմին»:

Փաստաբանն ընդգծեց, որ իրենց նոր հայցադիմումի առարկան ոչ թե այդ նվիրատվությունն անվավեր ճանաչելն է, այլ բաժնետոմսերն ամբողջությամբ՝ առուվաճառքի, նվիրատվության և այն գործարքները, որոնք կկնքվեն հետո, ԶՊՄԿ-ին վերադարձնելը. «Այսինքն՝ այդ բաժնետոմսերը պետք է վերադառնան ԶՊՄԿ-ին, որից հետո պետք է քննարկվի նախապատվության իրավունքի իրացումը, և նույն բաժնետոմսերը, որոնք կմնան այդ իրացումից հետո, պետք է մարվեն: Կորպորատիվ իրավունքում հետևյալն է՝ ընկերությունը, երբ իր բաժնետոմսերը ձեռք է բերում, այսինքն՝ ԶՊՄԿ-ն գնել է իր ակցիաները, այդ բաժնետոմսերը կամ պետք է նորից վաճառվեն, կամ պետք է մարվեն, այսինքն՝ դադարեն գոյություն ունենալ: Եվ դրա փոխարեն մնացած բաժնետերերի կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությունն ավելանում է»: 

Մենք կապ հաստատեցինք նաև ԶՊՄԿ-ի հետ, որտեղից էլ պատասխանեցին, թե հարկ եղած դպքում ընկերությունը կապ կհաստատի լրատվականի հետ: Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, հոկտեմբերի 1-ին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գործարքին, կառավարությանը վստահելի գործընկեր է համարել։
«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարո ւթյան հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը», - ըստ հաղորդագրության` նշել էր նա։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին շնորհակալություն էր հայտնել Ֆորբսի ցանկում հայտնված ռուս միլիարդատիրոջ ընկերությանը Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

«Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները», - նկատել էր Պապիկյանը:
Նշենք, որ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի հայցադիմումը մուտք է եղել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան հոկտեմբերի 7-ին և մակագրվել դատավոր Անահիտ Թումանյանին: Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:

Ըստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հայտարարագրի՝ ընկերության սեփականատերեր են հանդիսանում՝ Գերմանիայի քաղաքացի Թոմաս Պետեր Հայլը, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի բաժնետեր 2020 թ.-ի մարտի 27-ից , ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը, ով դարձել է ընկերության 12.5 տոկոսի սեփականատեր 2020 թ.-ի փետրվարի 3-ից, ՌԴ քաղաքացի, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ով ընկերության 7.5 տոկոսի բաժնետեր է դարձել 2018 թ.-ի հունիսի 20-ից, ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանը՝ 2.5 տոկոսի բաժնետեր է 2018 թ.-ի հունիսի 20-ից, ՀՀ քաղաքացի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը՝ 2.5 տոկոսի բաժնետեր է 2018 թ.-ի հունիսի 20-ից, բաժնետեր են նաև ՀՀ քաղաքացի։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, Գերմանիայի քաղաքացիներ Պարագ Յոհաննես Բհատի և Մորից Ջիոնաթան Հիերոնիմուս Հիլլի բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չկան, նշված է, որ նրանք հանդիսանում են ընկերության խորհրդի անդամներ: 

Այս տարվա հոկտեմբերից ԶՊՄԿ-ի սեփականատերերի շարքն են համալրել նաև «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն՝ 35 տոկոս բաժնեմասով, և ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ 15 տոկոս բաժնեմասով:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տեղեկանում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 30–ի որոշմամբ բավարարվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն կամ ԶՊՄԿ) կողմից ներկայացված միջնորդությունը (թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործով) և վերացվել է
Ընկերությանը պատկանող՝ ԶՊՄԿ 2,061,253 (երկու միլիոն վաթսունմեկ հազար երկու հարյուր հիսուներեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի (յուրաքանչյուրի անվանական արժեքը 20 000 ՀՀ դրամ, որոնց ընդհանուր կշիռը ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում կազմում է 75%) տնօրինումը արգելելու ձևով կիրառված հայցի ապահովման միջոցը։


Նարա Մարտիրոսյան