Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը հերթական հանդիպումն է անցկացրել հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ

ՊԵԿ-ը հերթական հանդիպումն է անցկացրել հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ
Տնտեսություն
21:18, 08 апрель 2021
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ տարվա մեջ արդեն երկրորդ հանդիպումն է անցկացվել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: 

ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության են հրավիրել: Քննարկվել են վերջին շրջանում նրանց հուզող խնդիրները և ոլորտային ռիսկերը. հաղորդում են ՊԵԿ-ից: 

Հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողներին մտահոգությունների տեղիք են տվել ՊԵԿ-ի հսկողական աշխատանքները՝ համատեղ քննարկման հարթակ բերելով բիզնեսին և հարկային մարմնին: 

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած ռիսկերը դեռևս նախորդ հանդիպման ժամանակ ներկայացվել են տնտեսվարողներին, այնուհետև նախաձեռնվել է համապատասխան վարչարարություն: 

Ոլորտային ռիսկերը նվազեցնելու համար կոմիտեն հորդորում է լիարժեք կատարել օրենսդրության սահմանված պահանջներն ու պարտականությունները. հաշվարկ-հաշվետվություններում ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, ձևակերպել բոլոր աշխատակիցներին և լիարժեք արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները՝ հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում: Հարկային ստուգումներից դժգոհող տնտեսվարողների կարծիքով երբեմն անհարկի ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի վստահեցմամբ՝ որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվում: 

Կոմիտեն, առանց բացառությունների, հսկողական գործողություններ է իրականացնում բոլոր ոլորտներում: ՊԵԿ-ը միաժամանակ հիշեցնում է, որ դեռևս անցած տարվանից մեղմ քաղաքականություն է վարել համավարակից տուժած ոլորտների նկատմամբ՝ գրեթե ամբողջ տարին զերծ մնալով օպերատիվ-հետախուզական կամ հսկողական այլ միջոցառումներից: 

Միայն նշված ոլորտի ակտիվացումից հետո են համարժեք արձագանքել և վերսկսել միջոցառումները: Կարևորելով գործընկերային հարաբերությունները հարկ վճարողների հետ՝ Պետական եկամուտների կոմիտեն ի հայտ եկած ռիկսերը նախևառաջ տնտեսվարողին է ներկայացնում՝ առաջարկելով ինքուրույն շտկել թերացումները, հետո նոր միայն իրականացնում հսկողական միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: 

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Կոմիտեն վստահեցնում է՝ բիզնեսի առաջարկությունները հաշվի կառնի հսկողական հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում: