Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՏԱՆ-ն մերժել է «ՄՏՍ-Հայաստան» ընկերության վաճառքի իրականացումը․ գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին․ ՀԾԿՀ մամուլի քարտուղար

ԲՏԱՆ-ն մերժել է «ՄՏՍ-Հայաստան» ընկերության վաճառքի իրականացումը․ գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին․ ՀԾԿՀ մամուլի քարտուղար
Տնտեսություն
14:37, 10 апрель 2023
Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առարկում է «ՄՏՍ-Հայաստան» ընկերության վաճառքի իրականացմանը։ 

Civic.am-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը նշեց, որ օրերս ԲՏԱՆ-ից գրություն են ստացել առ այն, որ նախարարությունն առարկում է նշված գործարքի կայացմանը. «ԲՏԱՆ-ն հարցը քննարկել է շահագրգիռ մարմինների հետ, որի արդյունքում նախարարությունն իրեն վերապահված իրավասությունների սահմանում առարկել է հայտով նախատեսված գործարքի կայացմանը, այսինքն՝ դրական պատասխան չենք ստացել»։ 

Լիանա Ազիզյանի խոսքով՝ շահագրգիռ մարմիններ ասելով ենթադրվում է, որ ԲՏԱՆ-ն հարցը քննարկել է նաև ԱԱԾ-ի հետ: «Այսինքն՝ ըստ այդ գնահատականի՝ գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին»,-մեկնաբանեց ՀԾԿՀ մամուլի քարտուղարը։  

Լիանա Ազիզյանի խոսքով՝ գործարքի մերժման մասին որոշման նախագիծը կքննարկվի ապրիլի 12-ի նիստի ժամանակ։ 
Նշենք, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է այն բողոքարկվել Հանձնաժողովում կամ վարչական դատարանում, սակայն բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը։ 

Նշենք նաև, որ դեռևս հունվարի 26-ին «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն ՀԾԿՀ էր ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ։ Ըստ հայտի՝ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլք Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում էր Լյուքսեմբուրգում գրանցված «Ալլեգրետո հոլդինգ» ՍՊ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող Կիպրոսում գրանցված «Արամայո ինվեսթմենք լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։ Եվ հաշվի առնելով, որ «Ալլեգրետո հոլդինգ» ՍՊ ընկերությունն իր հերթին պատկանում է ռուսաստանյան հաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չէր հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։