Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Hetq.am

Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Hetq.am
Իրավունք
16:20, 24 февраль 2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, հրապարակեց որոշում, որով մերժեց պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Այս մասին «Հետք»-ին ասաց Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունյանը։ Գալստյանը կշարունակի գտնվել կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) փետրվարի 1-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, զինված ուժերի գլխավո շտաբի կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523 մլն 89 հազար ՀՀ դրամին համարժեք, 1 մլն 83 հազար ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության,  էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Հաղորդագրության մեջ նշված Ա․Բ․-ն Արմեն Բաղդասարյանն է։ Վերջինս և Դավիթ Գալստյանը կալանավորվել են փետրվարի 2-ին, և նրանց պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումները։ Արմեն Բաղդասարյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին, նրա խափանման միջոցի գործով դեռևս որոշում չի կայացվել։

Արմեն Բաղդասարյանը և Դավիթ Գալստյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ 

Գալստյանը պարբերաբար քրեական գործի վերաբերյալ հայտարարություններ է տարածում։ Մասնավորապես՝ ձերբակալվելուց հետո տարածված հայտարարության մեջ նշել է, որ 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք։ Օրեր առաջ էլ Գալստյանը հայատարությյուն է տարածել այն մասին, որ իր և իր հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում և իրենց ազատությունից ակնհայտ ապօրինի կարգով զրկել են։

«Իրականությունը ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը։ Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացիաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում։ Նախաքննությանը և դատարանին ներկայացվել են անհերքելի ապացույցներ, որ մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որևէ բնութագիր չի թաքցվել, ավելին մինչև ընդունելը և վճարելը այդ կրակոցները սահմանված կարգով անցել են փորձարկումներ»,- հայտարարել է Դավիթ Գալաստյանը։