Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը կհրապարակվի Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության որոշումը

Վաղը կհրապարակվի Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության որոշումը
Իրավունք
20:46, 21 июль 2021
Վաղը՝ ժամը 12:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կհրապարակվի  Ռոբերտ Սուքիասյանի կալանավորման միջնորդությունը։

Ռոբերտ Սուքիասյանը ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է հուլիսի 19-ին Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Այսօր Civic.am-ի հետ զրույցում Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ Սուքիասյանը խոստովանում է, որ հրազեն կիրառել է, սակայն, իր պնդմամբ, արարքում հանցակազմ չկա։ Վերջինս պատահաբար է հայտնվել դեպքի վայրում և տեղի ունեցածը ինքնապաշտպանություն է եղել։ Նշենք, որ մինչ այդ գործով տուժողը վիճաբանության ժամանակ դանակահարել է Ռոբերտ Սուքիասյանի մտերիմին։ 
 
Անդրադառնալով կալանքի միջնորդության հիմնավորումներին, պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրող կողմի հիմնավորումն այն է, որ Ռոբերտ Սուքիասյանը կարող է խոչընդոտել և ազդել գործի քննության վրա, ինչի հետ պաշտպանական կողմը համամիտ չէ։