Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Լյովայի Սարգսյանը հրավիրվել է դատախազություն․ նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում․ iravaban.net

Նարեկ Լյովայի Սարգսյանը հրավիրվել է դատախազություն․ նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում․ iravaban.net
Իրավունք
14:19, 30 июль 2021
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գույքի վերաբերյալ։

Իրավաբան․net-ը տեղեկանում է, որ վերջինիս ծանուցագիր է ուղարկվել քննության առնչությամբ, նա հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու իր դիրքորոշումը, ինչպես նաև հայտարարագիրը։

Ծանուցագրում նշվում է․

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է օգոստոսի 02-ին՝ ժամը 16:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»։

Հավելենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով սահմանված են շահագրգիռ անձանց ծանուցումը և ծանուցման կարգը։

16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ անձի կողմից հայտարարագիր կամ դիրքորոշում ներկայացնելուց հրաժարվելը չի կարող մեկնաբանվել և օգտագործվել իր կամ իր ընտանիքի անդամների դեմ։ Հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության։

Հետևաբար, Նարեկ Սարգսյանը պարտավորություն չունի ներկայանալ։

Դեռևս 2018 թվականի հունիսին Իրավաբան.net-ին ՊԵԿ-ից հայտնել են, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել:

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ: