Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրառել եմ «Զարյա» տեսակի հատուկ միջոցներ, մեկը կամ երկուսն օգտագործել եմ կարգը պահելու համար. հրապարակվեցին Լևոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքները

Կիրառել եմ «Զարյա» տեսակի  հատուկ միջոցներ, մեկը կամ երկուսն օգտագործել եմ կարգը պահելու համար. հրապարակվեցին Լևոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքները
Իրավունք
13:05, 01 март 2024
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ,  շարունակվեց ՀՀ ոստիկանության նախկին պետի տեղակալ Լևոն Երանոսյաննի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը միջնորդեց հրապարակել Լևոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքները, ինչը բավարարվեց։ 

Համաձայն ցուցմունքներից մեկի՝ Լևոն Երանոսյանն ասել է, որ 2018 թվականի ապրիլի 16-ին և ապրիլի 22-ին Երևանի Բաղրամյան և Արցախի պողոտաներում ոստիկանության բոլոր գործողությունները եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը համարժեք, ոստիկանության կողմից նշված վայրերում հատուկ միջոցների կիրառումը նույնպես եղել է իրավաչափ, ինչի արդյունքում հնարավոր է  եղել իրականացնել ոստիկանության առջև դրված խնդիրները՝ պահպանել հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը։ 

Այնուհետև դատարանը հրապարակեց, որ Լևոն Երանոսյանը և գործով վկա Նորայր Տոնոյանը առերես հարցաքննվել են, և ներկայացրեց այդ օրվա Լևոն Երանոսյանի ցուցմունքը, համաձայն որի՝ անդրադառնալով 2018 թվականի ապրիլի 22-ի դրվագին՝ Երանոսյանն ասել է. «Այդ օրը ես քիչ ավելի ուշ եմ գնացել Արցախի պողոտա, ստույգ ժամ չեմ կարող նշել, բայց երբ հասա խաչմերուկ, արդեն բախում էր տեղի ունեցել   ոստիկանության զորքերի և ցուցարարների միջև։ Ավելի ճիշտ՝ բախումը դեռ ընթանում էր։ Ես արգելել եմ, որ որևէ մեկը միջոց օգտագործի։ Կարծեմ մեկ-երկու միջոց ես եմ օգտագործել, չեմ կարող ասել՝ այլ  մարդ  հատուկ միջոց օգտագործե՞լ է, թե՞ ոչ։ Երբ ցուցարարները ցրվեցին, իմ մոտ մեկ հատ նռնակ էր մնացել՝ զապալը քաշած, որն արդեն պետք չէր կիրառել։ Ես և ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը առանձնացել ենք, գնացել ենք դեպի «Տեցի խաչմերուկ», ճանապարհի աջ հատվածում ինչ-որ ֆուտբոլի դաշտի նմանվող անմարդաբնակ վայր կար, ես նռնակը նետեցի այդ վայր, որտեղ այն պայթեց։ Ես կիրառել եմ «Զարյա» տեսակի  հատուկ միջոցներ, մեկ կամ երկուսն օգտագործել եմ կարգը պահելու համար,  իսկ մեկն էլ նետել եմ նշված անմարդաբնակ վայրում»,- ասաց Լևոն Երանոսյանը։ 

Նա նշել է, որ հիշում է՝ մի նռնակը նետել է ոստիկանական պատնեշից աջ, նռնակը պայթել է հատակին, այդ վայրում ցուցարարներ չկային, կլինեին մոտ 10 մետր հեռավորության վրա, երկրորդը չի հիշում՝ նետե՞լ է, թե՞ ոչ։