Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԲԴԽ-ում այլևս արդարադատություն փնտրել հնարավոր չէ. Բոլոր վճիռները բերելու եմ փակցնեմ, ես ինձ նվիրելու եմ վեթինգին». Ստոյպա Սաֆարյանը՝ Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշման մասին

«ԲԴԽ-ում այլևս արդարադատություն փնտրել հնարավոր չէ. Բոլոր վճիռները բերելու եմ փակցնեմ, ես ինձ նվիրելու եմ վեթինգին». Ստոյպա Սաֆարյանը՝ Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշման մասին
Իրավունք
16:49, 10 январь 2022
Բարձրագույն դատական խորհրդում կայացավ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումը։

ԲԴԽ-ն որոշեց մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ 

Դատարանի բակում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր, ըստ Ստոյապա Սաֆարյանի, ևս տուժել են դատավոր Նախշքարյանի գործունեությունից։ 

Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԲԴԽ-ի որոշումը, ասաց, որ իր կարծիքով՝ ԲԴԽ-ում այլևս արդարադատություն փնտրել հնարավոր չէ։ «Թող ինձ ներեն բոլոր բարեխիղճ մարդիկ։ Կա՛մ այս ընթացքում ժամանակ էր տրվել տիկնոջը, որպեսզի ինքը մտածի, թե ինչպես է աշխատում հետագայում, կա՛մ այստեղ աշխատանք է տարվել, և մենք դեռ կիմանանք, թե որ դատավորը ինչպես է քվեարկել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Հանրային խորհրդի նախկին նախագահը հայտնեց, որ ևս երեք գործերով վարույթ է ուղարկելու արդարադատության նախարարություն, որոնք վերաբերում են նույն Զարուհի Նախշքարյանին։

«Այս շենքում նստող բոլոր դատավորների տոնավաճառ է լինելու այստեղ։ Բոլոր վճիռները բերելու եմ փակցնեմ, թող հասարակությունն իմանա՝ ովքեր են նստում այս շենքում։ Այս շենքը պիտի մաքրվի, այնպես, ինչպես պետք է մաքրվեն բոլոր դատարանների շենքերը։ Պիտի մաքրվեն օրենքին դեմ գործող բոլոր դատավորներից։ Դա ես անելու եմ։ Ես ինձ նվիրելու եմ վեթինգին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը և հավելեց. «Իրենք հետապնդում են ՀՀ արդարադատությունը, իրենք հետապնդում են ՀՀ քաղաքացու իրավունքը»։