Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զննություններով հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. Արտաշատի ոստիկանների բացահայտումները

Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։ Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվեցին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ Արտաշատի ոստիկանների ձեռնարկած պրոֆեսիոնալ միջոցառումներն արդյունք տվեցին նաև հունվարի 11-ին։ Այս դեպքում բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ ստացան, որ Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Առավոտյան ստացված տեղեկությունն իրացվեց ժամեր անց։ Նրա տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։ Հայտնաբերվեց նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։