Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ և մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել. Տեսանյութ

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ 

Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։ 

Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: 

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք էր բերել արտերկրում ու հետը բերել Հայաստան:

Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրեց 9 մմ տ/չ 328 փամփուշտ:

Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։