Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախանշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Օմբուդսմանի հանդիպման կազմակերպումը

Նախանշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Օմբուդսմանի հանդիպման կազմակերպումը
Իրավունք
19:14, 07 март 2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:



Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդ թվում՝ անվտանգության հարցերում իրավունքահեն մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքների տեսլականը: 



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող բազմազան հարցեր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: 


Պաշտպանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրած փաստերին: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում սահմանամերձ կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերում ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:


Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվցին համապատասխանաբար 18 և 19 տարի ազատազրկմամբ:


Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:

Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում՝ մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախանշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Օմբուդսմանի հանդիպման կազմակերպումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:


Հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը: