Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում գիշերը կատվին փնտրող օտարերկրացուն գողի տեղ դրած և մարմնական վնասվածք պատճառած գյումրեցին ներկայացել է ոստիկանություն․ նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում գիշերը կատվին փնտրող օտարերկրացուն գողի տեղ դրած և մարմնական վնասվածք պատճառած գյումրեցին ներկայացել է ոստիկանություն․ նյութեր են նախապատրաստվում
Իրավունք
14:50, 29 март 2022
Օրերս Գյումրու փողոցներից մեկում գիշերը օտարերկրյա մի տղամարդ՝ 45-ամյա Ռ. Ջ.-ն, ծեծի է ենթարկվել։ Օտարերկրացուն հարվածող գյումրեցին ենթադրել է, որ նա գող է, այնուհետև, հասկանալով իր սխալը, ներողություն է խնդրել։

«Մարտի 24-ին, ժամը 04։30-ին, Ոստիկանությունը հաղորդում է ստացել Գյումրու հիվանդանոցից, որ քթի և դեմքի պատռված վերքեր ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Նա հիվանդանոց մեկնած ոստիկանների խմբին հայտնել է, որ գիշերը, ժամը 02։00-ի սահմաններում, դուրս է եկել փողոց՝ կատվին փնտրելու, սակայն Գյումրի քաղաքի Գորկու փողոցում երեք երիտասարդ են մոտեցել նրան, և երիտասարդներից մեկը մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որի հետևանքով ստացել է վնասվածքներ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է նաև, որ երիտասարդներն իրենից ներողություն են խնդրել, առաջարկել են բուժօգնություն և ասել են՝ կարծել են, թե գող է, այդ պատճառով են հարվածել: «Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ մարտի 25-ին, ժամը 16։00-ին, կամավոր բաժին են ներկայացել Գյումրու բնակիչ երեք երիտասարդները, որոնցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ գիշերը ինքը տվյալ քաղաքացուն մեկ անգամ հարվածել է, որն էլ վնասվածք է ստացել։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,- հավելեց Զարզանդ Գաբրիելյանը։

Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ վիրաբույժ Արթուր Նասիբյանը, ով գիշերը բուժօգնություն էր ցույց տվել օտարերկրացուն, մեզ հետ զրույցում նշեց, որ օտարերկրացին ոչ հայերեն էր խոսում, ոչ էլ կարողանում էր լավ ռուսերեն խոսել: «Նրա հետ եկել էր ուղեկցող աղջիկ, որը ռուսերենով բացատրում էր։ Առաջին հայացքից տուժածն ուներ թեթև մարմնական վնասվածքներ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց՝ վերքերը մշակելուց հետո խորհուրդ եմ տվել, որ դիմի համապատասխան մասնագետների՝ նեյրովիրաբույժի և ԼՈՌ բժշկի, որպեսզի նրանից առաջինը՝ տեսնի՝ գլխուղեղի ցնցման երևույթներ կա՞ն, թե՞ ոչ, իսկ երկրորդը՝ նայի՝ արդյոք կա՞ քթոսկրի կոտրվածք, թե՞ ոչ, բայց ես չէի գնահատի իր վիճակը ծանր»,- ասաց մեր զրուցակիցը։  

Նշենք, որ «Առավոտ»-ի տեղեկություններով՝ օտարերկրացին Գյումրի էր ժամանել Մոսկվայից, սակայն Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
 
Նարա Մարտիրոսյան