Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազի որոշումը համարում ենք ապօրինի. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ դատախազության որոշման մասին

Դատախազի որոշումը համարում ենք ապօրինի. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ դատախազության որոշման մասին
Իրավունք
15:44, 06 апрель 2022
Ինչպես արդեն հայտնել էինք՝ նախօրեին դատախազությունից տեղեկացրել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով քննիչը հեռացվել է վարույթից:

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեցին, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում են անհիմն և ապօրինի:

«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»,-ասացին կոմիտեից: 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան կալանքը հանելու և անմիջապես այն վաճառելու հանգամանքները: