Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ներդրողների զգալի հոսք կա մեր երկիր, ինչի հետ կապված պետռեգիստրի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է»․ ԱՆ-ն ակնկալում է փաստաբանների ակտիվ ներգրավվածությունը

Ներդրողների մեծ հոսք կա մեր երկիր, ինչի հետ կապված պետական ռեգիստրի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ Այսօր՝ ապրիլի 29-ին, Փաստաբանների ու փաստաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։ 

Պետական ռեգիստրի գործակալության մասնագետներն էլ փաստաբաններին ներկայացրեցին պետռեգիստրի  սպասարկման գրասենյակի գործառույթներն իրականացնելու կարգը։ 

Պետական ռեգիստրի գործակալության հետ պայմանագիր կնքած փաստաբանները կամ փաստաբանական ընկերությունները հնարավորություն ունեն իրավաբանական անձանց պետական գրանցումը, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնել էլեկտրոնային տարբերակով՝ պետռեգիստրի կայքով։ Այս հնարավորությունից կարող են օգտվել այն փաստաբաններն ու փաստաբանական ընկերությունները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում ունեցել են տարեկան առնվազն 30 մլն դրամի հարկվող շրջանառություն, որոնք գործունեություն են իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։  Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ այս շեմերը հաստատվել են, որպեսզի ոչ պրոֆեսիոնալ իրավաբանական ընկերությունները կամ անփորձ փաստաբանները չներգրավվեն այս գործընթացին և քաղաքացիների համար խնդիրներ չստեղծեն։ 

Պետռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթներն իրականացնելու համար փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պայմանագրով սահմանաված է գումար պետք է վճարեն՝ կամ տարեկան 500 000 դրամ կամ ամսական 50 000 դրամ։ Սակայն մինչ այս պահը պայմանագիր է կնքվել դեռևս երեք փաստաբանական ընկերությունների հետ, որոնք են «Կոնցեռն Դիալոգ», «Թիքեյ ընդ փարթներս» և «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ընկերությունները։  

 «Թիքեյ ընդ փարթներս» Փակ բաժնետիրական ընկերությունն այս տարի է պայմանագիր կնքել և մարտ ամսից իրականացնում է պետռեգիստրի  սպասարկման գրասենյակի գործառույթները։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ բավական հեշտացել է իրենց աշխատանքը։ 

Քննարկմանը հրավիրված փաստաբանները բացի համագործակցային արդյունավետությանն անդրադառնալուց նաև մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին գործող համակարգի վերաբերյալ։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանն ընդգծեց, որ դեռևս 2013թ․ ընդունված Կառավարության որոշմամբ պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման կարգում նախատեսում են փոփոխություններ անել։
 
Նարա Մարտիրոսյան
 
Մանրամասն՝ տեսանյութում