Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն պետք է հստակ գիծը քաշեր և ասեր՝ եթե հայհոյում են, սա չի կարող պաշտպանվել խոսքի ազատության համատեքստում, որպեսզի ՄԻԵԴ-ում չունենանք պարտված գործեր. փաստաբան

ՍԴ-ն պետք է հստակ գիծը քաշեր և ասեր՝ եթե հայհոյում են, սա չի կարող պաշտպանվել խոսքի ազատության համատեքստում, որպեսզի ՄԻԵԴ-ում չունենանք պարտված գործեր. փաստաբան
Իրավունք
18:02, 23 май 2022
Թեպետ Սահմանադրական դատարանը մայիսի 2-ին Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքը, այնուամենայնիվ փաստաբան Գևորգ Գյոզալյանը Ֆեյսբուքի իր էջում ընդգծել է, որ ՍԴ-ն հստակ տարանջատում չի մտցրել հայհոյախոսության և կարծիքի արտահայտման ազատության միջև. «ՍԴ-ն հստակ պետք է ազդակ տար, որ հայհոյանքը խոսքի ազատություն չէ, հետևապես չի կարող պաշտպանություն ունենալ խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված նորմերով»,- գրել է փաստաբանը:

Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանը, մանրամասնելով իր գրածը, նշեց, որ Սահմանադրական դատարանը պետք է հստակ անդրադառնար, որ հայհոյանքը չի կարող պաշտպանություն ունենալ քաղաքացիաիրավական միջոցներով: «Իմ ասածը չի նշանակում, որ օրենքը կատարելագործման կարիք չուներ, Սահմանադրական դատարանը կարող էր առաջարկ անել, որ օրենքը կատարելագործվեր: Օրենքը պետք է հստակ բացվածք ունենար, որ քրեականացված է հայհոյանքը, ցինիզմը։ Որոշակիության խնդիր տեսնում եմ օրենքում, բայց օրենքը հակասահմանադրական չեմ տեսնում»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ ՍԴ-ն հստակ պետք է սահմաններ գծեր և ասեր, որ հայհոյանքը չի կարող վկայակոչել խոսքի ազատության իրավունքը, որը պաշտպանվում է նաև ոչ միայն Սահմանադրությամբ, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, և դրա մասնավորեցումը տեղ է գտել Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով. «Այստեղ ՍԴ-ն պետք է հստակ այդ գիծը քաշեր և ասեր՝ եթե հայհոյում են, սա չի կարող պաշտպանվել խոսքի ազատության համատեքստում»։   

Հարցին՝ եթե ՍԴ-ն բացված չի ներկայացրել հայհոյանքի մասը, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, մեր զրուցակիցն արձագանքեց.  «Մենք չգիտենք, թե իրավակիրառ պրակտիկան դրան ոնց կարձագանքի։ Եվ եթե իրավակիրառ պրակտիկան ճիշտ ուղղությամբ չգնաց, մենք կունենանք ՄԻԵԴ-ում պարտված գործեր։ Եվ կարող է գալ մի պահ, որ այդ օրենքը ճանաչվի կոնվենցիայի հետ անհամատեղելի»։ 

Փաստաբանն ընդգծեց, որ ինքը հակված է նրան, որ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը նշված լիներ ոչ թե ծանր վիրավորանք, այլ հայհոյանք։ 

Նշենք, որ այս օրենքն ընդունվել է գրեթե մեկ տարի առաջ՝ 2021թ. հուլիսին, որին դեմ էին ընդդիմադիր պատգամավորները, իսկ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ Սահմանադրության հետ օրենքի համապատասխանության հարցը ճշտելու համար։ 

Նարա Մարտիրոսյան