Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում
Իրավունք
23:10, 08 июнь 2022
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունները գործող ենթաօրենսդրական ակտերի համար կապահովեն լիազորող նորմեր:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում հարցը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը նշել է, որ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի բովանդակային փոփոխություններն ավելի մեծ փաթեթով առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը:

Նշվել է, որ որեւէ օրենքում երեխայի այլընտրանքային խնամքը սահմանող նորմ չկա, մինչդեռ ՀՀ-ն ստանձնել է երեխաների խնամքը ընտանեկան միջավայրին մոտ կազմակերպելու պարտավորություն: Փոխնախարարի խոսքով՝ այս հարցում լավագույն օրինակ է խնամատարության ինստիտուտը:
Մյուս լիազորող նորմը վերաբերում է որդեգրման կարգին, ինչը թեպետ գործում է, սակայն լիազորող նորմ տարիներ շարունակ որեւէ օրենքում չի եղել:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների ուղղորդման կարգին եւ չափորոշիչներին առնչվող ենթաօրենսդրական ակտը լիազորող նորմերի ապահովմանը:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվել է համայնքի կողմից խնամակալության եւ հոգաբարձության կազմակերպման խնդիրներով:
Փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ երեխայի իրավունքի դաշտում նախարարությունը քաղաքականություն մշակող լիազոր մարմինն է, իսկ ՏԻՄ-երի պատասխանատվությամբ գործում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինները: Նա կարեւորել է համայնքային սոցիալական աշխատանքի ուժեղացումը՝ նշելով, որ որքան էլ լիազոր մարմինը մշակի չափորոշիչներն ու ուղղորդման կարգերը, համայնքը պետք է արագ արձագանքի եւ օգնի բնակչին:

Ըստ փոխնախարարի՝ պետք է կրթել համայնքի սոցիալական աշխատողներին, գնալ խնդիրները կանխարգելելու ճանապարհով:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հիշեցրել է, որ օրենսդրական առաջարկը կապահովի Կառավարության ընդունած իրավական ակտերի իրավական հիմքը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: