Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օձունի համայնքապետին և նրա կնոջը մեղադրում են հայտարարագրերում տվյալները թաքցնելու մեջ

Օձունի համայնքապետին և նրա կնոջը մեղադրում են հայտարարագրերում տվյալները թաքցնելու մեջ
Իրավունք
16:23, 24 август 2022
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին և նրա կնոջը մեղադրում են հայտարարագրերում տվյալները թաքցնելու մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ Օձունի համայնքապետը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով։

Քրեական վարույթի շրջանակներում Արսեն Տիտանյանին և կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ապրիլի 1-ին ընդունված) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Արսեն Տիտանյանը չի հայտարարագրել դեռևս 2004 թ. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը՝ Հայկուշ Պետրոսյանին պատկանող՝ Լոռու մարզի Օձուն համայնքում բնակելի կառուցապատման գործառնական նշանակության առանձնապես խոշոր չափերով՝ 1.060.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման:

Քրեական վարույթի շրջանակներում և՛ Տիտանյանի, և՛ կնոջ՝ Հայկուշ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը։

Գործով նախաքննությունն ավարատվել է։ Օրերս գործն ուղարկվել է դատարան և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։