Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործի ձախողումը Հայաստանի պարտությունն է․ Քոչարյանի տեղը ցույց կտա ժողովուրդը․ 1in.am

«Մարտի 1-ի գործընթացը պետք է լիներ ոչ թե Հայաստանի կողոպտված անցյալի սարքած օրենսդրությամբ, որը շատ խճողված է, այլ դերակատարություն պետք է ունենար մեր ժողովրդի տառապանքով հիմնավորված վերաբերմունքը: Իսկ մեր ժողովուրդը շատ լավ գիտի, թե ովքեր են Մարտի 1-ի կազմակերպիչները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշմանը:

Նրա խոսքով՝ այս հարցում ձախողվել է Հայաստանը. «Սա Հայաստանի և մեր ժողովրդի պարտությունն է: Իսկ մեր իշխանությունը Հայաստանի կողոպտված և գողապետության օրենսդրությամբ փորձել է արդարադատություն հաստատել, ինչը ձախողվել է: Մեր պետությունը «Զապորոժեց» է: Փոխում ենք վարորդին, բայց վարում ենք նույն «Զապորոժեցը»: Նախկին վարորդներից մեկը հավանաբար եղել է հարբեցող, մեկը՝ բենզին գողացող, սա էլ իբրև նորմալ մարդ էր, բայց քշածը «Զապորոժեց» էր: Կարող ենք ասել, որ Հայաստանի գործող իշխանության վարքաբանության արդյունքում, Հայաստանի նախկին կյանքի կազմակերպված դիմադրության արդյունքում պարտվել է Հայաստանի արդարադատությունը»:

Մարտի 1-ի գործը մեջտեղ բերելու հարցում մեր զրուցակիցը ակնկալում է իշխանության բացատրությունը. «Ինչո՞ւ սա մեջտեղ բերեցիք, եթե պիտի պարտվեիք, ո՞րն էր իմաստը: Սա հերթական արնածոր վերք է լինելու մեր ժողովրդի հիշողության մեջ, և սրա պատասխանատուն նաև գործող իշխանությունն է»:

Հայկ Սուքիասյանը կարծում է, որ եթե անգամ Մարտի 1-ի գործը չլիներ, Ռոբերտ Քոչարյանը որևէ այլ հարց կգտներ և կդառնար քաղաքական գործոն. «Բայց ինքը ՀՀ քաղաքական կյանքում դերակատար կմնա, թե ոչ՝ ցույց կտա ժողովրդի հավաքական կամքը արտահերթ ընտրություններում»: