Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանն արդարացրել է դասի ժամանակ Նիկոլ Փաշինյանին սպանելու, նրան և նրա ընտանիքին հրապարակում վառելու կոչ հնչեցրած ուսուցչին

Վերաքննիչ դատարանն արդարացրել է դասի ժամանակ Նիկոլ Փաշինյանին սպանելու, նրան և նրա ընտանիքին հրապարակում վառելու կոչ հնչեցրած ուսուցչին
Իրավունք
17:36, 27 апрель 2023
Վերաքննիչ դատարանը (դատական կազմը՝ դատավորներ Մ. Արղամանյան, Գ. Հովհաննիսյան և Ռ. Պապոյան) քիչ առաջ բավարարել է դպրոցում՝ աշակերտների ներկայությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցրած ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրել արդարացման դատավճիռ։ Դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

Առաջին ատյանի դատարանի դատավճռով (նախագահող՝ դատավոր Մնացական Մարտիրոսյան) «բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր 150 հազար դրամ տուգանքի։

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 226.2 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: