Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ, ոչ». Ծառուկյանը հավաստիացրեց, որ դատարանի կողմից 100 մլն դրամ գրավն անփոփոխ թողնելը որևէ կերպ չի ազդի իր բիզնեսի վրա․ դատարանը մերժեց նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

«Ազգային ժողովը համաձայնություն չի տվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել՝ կաշառք տալը կազմակերպելու համար, ինչը նշանակում է, որ այդ հոդվածով նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անօրինական է», - այս հիմնավորմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր՝ մայիսի 23-ին, միջնորդեց Հակակոռուպցիոն դատարանին՝ դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու վերացնել խափանման միջոցը։

Պաշտպանի մեկնաբանմամբ՝ Ազգային ժողովում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է, որ Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ է կաշառք տվել, և այդ հիմնավորմամբ ստացել է Ազգային ժողովի համաձայնությունը նրան մեղադրանք առաջադրելու ու ազատությունից զրկելու համար, սակայն հետագայում փոխվել է Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը, և նա մեղադրվել է կաշառք տալը կազմակերպելու համար։ 

Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենց ներկայացրած փաստերից հետո, 3 տարի անց՝ 2023թ․ ապրիլին կրկին փոխվել է Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը,  և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել մեղադրողը, որից հետո Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել նորից՝ կաշառք տալու համար։  

Մեղադրող դատախազի մեկնաբանմամբ էլ՝ գործի քննության ընթացքում նոր փաստական տվյալների ձեռքբերմանը զուգահեռ մեղադրանքի ձևակերպումների մեջ իրավաբանական  ճշգրտումները բնականոն գործընթաց են։ 

Դատարանը մերժեց պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին։  

Պաշտպանական կողմը միջնորդել էր նաև վերացնել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված գրավը՝ 100 մլն դրամի չափով։ Սակայն դատարանը որոշեց կիրառված գրավը թողնել անփոփոխ։

2017թ․ ապրիլին Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվում է նաև Գագիկ Ծառուկյանին և իր ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չբացակայելու մասին ստորագրությունը, որը վերացնելու մասին միջնորդությունը դատարանի կողմից ևս մերժվեց։ 

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց դատարան․ ըստ պաշտպանական կողմի՝ գործի նախաքննության ժամանակ Գագիկ Ծառուկյանին վերագրվող մասն ընդհանուր գործից անջատվել և ուղարկվել է դատարան, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի օգտին փաստական տվյալներ ներկայացնելու համար իրենց պետք է ամբողջ գործի նյութերն ունենալ։ 
 
Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը։  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 29-ին։ 


 

 Մանրամասները՝ տեսանյութում։
Նարա Մարտիրոսյան