Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերգեյ Լավրովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերգեյ Լավրովին
Պաշտոնական
16:31, 04 октябрь 2021
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: 

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաեւ այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:                                           

Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:
 
Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել է խորհրդարանների դերը երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:
 
Երկուստեք կարեւորվել է նաեւ արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:
 
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: