Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարին ներկայացրել է անվտանգային իրավիճակը ԼՂ-ում

ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարին ներկայացրել է անվտանգային իրավիճակը ԼՂ-ում
Պաշտոնական
14:52, 14 март 2022
Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ  անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

ՀՀ ԱԽ գրասենյակ