Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի». Փաշինյան

Եթե տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի». Փաշինյան
Քաղաքականություն / Հայաստան
23:10, 23 февраль 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը, որը հեռարձակվում է 1in.am կայքով

Նվեր Մնացականյան – Հայաստանի ներսի մասին: Կա՞ ներքաղաքական ճգնաժամ, Ձեր դիտարկմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան:

Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է: Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ընտրությունների հավանականությունը պահպանվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասեցին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

Նվեր Մնացականյան – Այս մթնոլորտի լիցքաթափման այլ գործիք տեսնո՞ւմ եք Դուք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտի լիցքաթափման հաջորդ գործիքը «Ճանապարհային քարտեզ»-ի արդյունավետ իրագործումն է: Եվ կարող եմ արձանագրել, որ նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ը բավականին հաջողությամբ իրականացվում է: Այս պահի դրությամբ շուրջ 17 ծրագիր ենք իրականացրել, ընդ որում շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք Արցախում շուրջ 23 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտների, հիմնականում՝ սոցիալական և Արցախի պետական կառույցների աջակցության: Եվ ընդհանուր փաթեթը, որն ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 մլրդ դրամի: Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում՝ Սյունիքի մարզում: Շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու ծրագիրը, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը: Այն ծրագիրը, որով մենք պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքների անդամների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում: Հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում:

Եվ շատ կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որը վճռականորեն իրականացնում ենք: Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունենում՝ տնտեսությունն արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին: Փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Դա 13 տոկոսով ավելի է: Խնդրում եմ հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին դեռ կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել: Եվ նախորդ տարվա փետրվարին իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրվել 2019թ. փետրվարի նկատմամբ, որը, այսպես ասած, շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր:

Իսկ քաղաքական իրադրության հետ կապված կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր «Ճանապարհային քարտեզ»-ի անբաժանելի մասն է: Եվ մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող, բայց այդ ճանապարհը, իհարկե, պետք է շարունակենք:

Նվեր Մնացականյան – Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ձեր նշած քաղաքական ռադիկալությունը դրսևորվում է հատկապես այն ուժերի կողմից, որոնց ժամանակին մերժել է հեղափոխությունը: Ավելի կոնկրետ ասեմ՝ կարծես թե տպավորություն է արդեն վերջնական, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն նախկին նախագահները՝ երկրորդը և երրորդը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես մի փաստի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել. կառավարության նկատմամբ Ձեր նշած շրջանակների վերաբերմունքը, ովքեր այսօր շատ ակտիվ են, պատերազմից առաջ և հետո չի փոխվել: Այսինքն՝ եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ վերաբերմունքն արձանագրվել է 2018թ., 2019թ., 2020թ., պատերազմից առաջ: Ի վերջո, կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին:

Նվեր Մնացականյան – Երբ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ես լինեի պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի, ի՞նչ հիմնավորմամբ է դա ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա: