Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Lարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում. Փաշինյան

Lարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում. Փաշինյան
Քաղաքականություն / Հայաստան / Տնտեսություն
22:40, 23 февраль 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը, որը հեռարձակվում է 1in.am կայքով: 

Նվեր Մնացականյան – Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ իմաստով:

Նվեր Մնացականյան – Սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք:

Նվեր Մնացականյան – Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների: Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք դրանք:

Նվեր Մնացականյան – Քանի որ ապաշրջափակումից խոսեցինք, ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն այս գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ֆիքսենք մեր մասնաբաժինն այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ այստեղ է, որ պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման: Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: