Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը առաջիկայում կմեկնի Բրյուսել․ Պատվիրակության կազմում է ԱԺ ընդդիմության չորս ներկայացուցիչ

«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը առաջիկայում կմեկնի Բրյուսել․ Պատվիրակության կազմում է ԱԺ ընդդիմության չորս ներկայացուցիչ
Քաղաքականություն
11:39, 09 ноябрь 2023
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների եւ բյուրոյի նիստերին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 12-14-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված՝ ԱԺ նախագահի կարգադրությունից։ Պատվիրակության կազմում են՝ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, նույն խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար  Հայկ Մամիջանյանը։  «Հայաստան» խմբակցությունից էլ պատվիրակության կազմում կմեկնեն  Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Էլինար Վարդանյանը,  ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը: 

Նշենք, որ նախորդ տարի փետրվարի 21-22-ը Երևանում  տեղի ունեցան  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նիստերի աշխատանքներին մասնակցում էին Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:
Հիշեցնենք, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը  հոկտեմբերի 13-ին հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի և «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակությանը։ Կարապետյանը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին` ընդգծելով այդ հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Խոսելով Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունից` «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կարևորել էր հոկտեմբերի 5-ին ընդունված «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի» մասին բանաձևը, որը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ  հայերի դեմ նախապես «ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը»:

Հավելենք, որ Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովը Եվրոպական Միության եւ Արեւելյան հարեւանների միջեւ քաղաքական ասոցացմանը  նպաստելու ու տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով ստեղծված խորհրդարանական հարթակ է: 

Հ․Մ․