Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կապիտուլյացիան, կարծում եմ, Սամվել Շահրամանյանը չի ստորագրել, որովհետև նա ընդամենը նշանակվել էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից»․ Գևորգ Պապոյան

«ԼՂ-ում պալատական հեղաշրջման հետևանքով Սամվել Շահրամանյանը դարձավ ԼՂ նախագահ, և նրա թեկնածությունը ողջունվեց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Իրենց ֆրակցիաների ղեկավարները քիչ էր  մնում թռչկոտեին  այդ վտանգավոր գործընթացից, և արդյունքում սեպտեմբերի վերջին եղավ ԼՂ-ի կապիտուլյացիան»,- նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հավելելով. «Կապիտուլյացիան, կարծում եմ, Սամվել Շահրամանյանը չի ստորագրել, որովհետև նա ընդամենը նշանակվել էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այսինքն՝ դե ֆակտո կապիտուլյացիան ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց թիմերի հետ մեկտեղ»։ 

Անդրադառնալով հարցին, թ ե ինչպես է վերաբերվում այն տեղեկատվությանը, որ Արցախի ԱԺ-ն Հայաստանում նիստ է գումարել, Գևորգ Պապոյանը նշեց. «Այդ կապիտուլյացիայով նախատեսված է, որ ԼՂ-ն չի ունենալու խորհրդարան, և այդ խորհրդարանը լուծարվել է, հետևաբար եթե խորհրդարան չկա , ապա ի՞նչ նիստ։ Չկա նաև այդպիսի պետություն, որովհետև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց գործողության արդյունքում լուծարել են այդ պետությունը»։ 

Ըստ պատգամավորի՝ ԼՂ-ի կապիտուլյացիայի գլխավոր մեղավորները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ 
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե ցանկանում են, որ ՀՀ-ն լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններից, Պապոյանը նշեց. «Տարօրինակ է դա, որովհետև ՀՀ-ն Ադրբեջանի հանդեպ տարածքային որևէ հավակնություն չի ներկայացրել և չի ներկայացնում։ Ինչ է նշանակում՝ լիովին հրաժարվի, եթե ՀՀ-ն նման հավակնություն չի ներկայացնում։ Այն, ինչ որ Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանը դրանով մտել է ՄԱԿ, դա Ադրբեջանի տարածքն է, և այն, ինչ որ ՀՀ-ի տարածքն է, և ՀՀ-ն դրանով մտել է ՄԱԿ, համարում ենք ՀՀ-ի տարածք։ Այն տարածքով, որ Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրով անկախացել է ԽՍՀՄ-ից, համարում ենք Ադրբեջանի տարածք, այն տարածքը, որով անկախացել է ՀՀ-ն ԽՍՀՄ-ից, համարում ենք Հայաստանի տարածք»։  

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե իր պատկերացումով՝ Ադրբեջանից Նախիջևան եթե ադրբեջանցիները անցնեն ՀՀ-ով, ապա չպետք է մաքսային որևէ կետ լինի, Պապոյանը նշեց. «ՀՀ տարածքում, իմ պատկերացրած խաղաղության պայմանագրում, Ադրբեջանի քաղաքացիները պետք է ունենան այն բոլոր իրավունքները և պարտականությունները, եթե ՀՀ-ով են անցնում, ինչ ունեն Վրաստանի, Իրանի, Թուրքիայի քաղաքացիները։ Ես պատկերացնում եմ, որ նույն տրամաբանությունը պետք է գործի մեր հանդեպ»։