Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավային Կովկասից դուրս մղվելու վտանգը «բնում խեղդելու» քաղաքականություն կա ռուսական որոշակի շրջանակների կողմից. Բագրատյան

«Ֆրանսիայի դեպքում մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և Ֆրանսիան միշտ հայ ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքը ցուցաբերել է, ու Ֆրանսիայի հետ ռազմավարական հարաբերությունները լավագույն քայլն են մեր կողմից. ՌԴ-ին դուր կգա, թե ոչ՝ դա իր գործն է»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստան-Ֆրանսիա և Հայաստան-Արևմուտք սերտաճող հարաբերությունները հակասական են ՌԴ շահերին։

Անդրադառնալով թեմային, որ Ալիևի ու Էրդողանի վերջին հանդիպման ընթացքում երկկողմ հայտարարությունների ժամանակ խոսք չի եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, Բագրատյանը ասաց. «Դա կապում եմ աշխարհաքաղաքական իրադրության հետ։ Էրդողանը, հասկանալով, որ Թուրքիան տնտեսական այս ծանր վիճակում է, և Ադրբեջանի ագրեսիան կարող է ծանր հետևանք ունենալ նաև Թուրքիայի վրա, և հասկանալով, որ ՀՀ-ն լեգիտիմ իրավունքի դաշտում է, փորձում է Ադրբեջանին առնվազն տեսանելի չխրախուսել «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Թուրքիան, լինելով խոշոր խաղացող, ավելի զգուշավոր է, քան Ադրբեջանը, որն ընդամենը կատարողի կարգավիճակում է, և հաճախ ստացվում է, որ Ադրբեջանը իր կամակատարությունը վերազանցում է՝ չհասկանալով, որ աշխարհում իրավիճակ է փոխվում, որը հասկանում է Էրդողանը»։ 

Բագրատյանի խոսքով՝ վերջերս Ադրբեջանում արված սոցհարցումը ցույց է տվել, որ ադրբեջանցիների 78 տոկոսը կողմ է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ինչ վերաբերում է ռուս պաշտոնյաների կողմից  ՀՀ-ում իշխանափոխություն անելու հայտարարություններին, Բագրատյանը ասաց. «Բնական է, որ ռուսական որոշակի շրջանակների չի կարող դուր գալ ՀՀ-ի ժողովրդավար ընթացքը։ Իրենց համար սա վտանգ է, որ այսպիսի ժողովրդավար ընթացքները կարող են ազդեցություն ունենալ  Ռուսաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Այսինքն՝ չակերտավոր «վատ օրինակը» չեն ուզում, որ հետխորհրդային տարածքում որևէ տեղ լինի։ Մենք տեսանք նույն  ընթացքը և Վրաստանի պարագայում, և Ուկրաինայի, և Մոլդովայի։ Սա պայմանավորված է ժողովրդավարացման ընթացքով, և բնականաբար աշխարհակարգի փոփոխություն ՌԴ-ն չի ցանկանում, բայց սրանք օջախներ են, որոնք կարող են բերել աշխարհաքաղաքական նոր իրողությունների։ Այս իմաստով վտանգը «բնում խեղդելու»  քաղաքականություն կա ռուսական  որոշակի շրջանակների կողմից»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան