Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Համահայկական ճակա՞տ», թե՞ ՌԴ-ից ընդդեմ Հայաստանի բացված նոր ճակատ. Արշակ Կարապետյանը պաշտոնին «գուդ բայ» ասելուց հետո անմռունչ հեռացել է

«Համահայկական ճակա՞տ», թե՞ ՌԴ-ից  ընդդեմ Հայաստանի բացված նոր ճակատ. Արշակ Կարապետյանը պաշտոնին «գուդ բայ» ասելուց հետո անմռունչ հեռացել է
Քաղաքականություն
21:30, 18 март 2024
Պաշտոնանկությունից հետո ՌԴ-ում արտագնա (քաղ)աշխատանքի մեկնած  ու «Համահայկական ճակատ» շարժում սանձազերծած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ինչպես երևում է, ոչ մի կերպ չի կարողանում  մարսել իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած բացահայտումը։ Նա, հիշեցնենք, վարչապետի ասուլիսից հետո իրեն չբնորոշող  օպերատիվությամբ  արձագանքել էր Փաշինյանին՝ յուրային կայքի միջոցով թողարկելով համապատասխան տեսաուղերձ։ Թե՝ երկրում չէի, Դուբայում էի, հետևապես չէի կարող զեկուցել սահմանին տիրող իրավիճակի մասին։ Իսկ երբ Կարապետյանի տեսաուղերձից հետո հրապարակվեց վարչապետին ուղարկած հաղորդագրությունը, որտեղ Կարապետյանը նոյեմբերի 14-ի առավոտյան, ադրբեջանական զինուժի ՀՀ տարածք ներխուժելու, դիրքեր վերցնելու պարագայում հայտնում է՝ «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»,  նախկին նախարարի ճակատը, ինչպես ասում են՝ սառը քրտինքով պատվեց։  Այն մաքրելու փորձը նախ ստանձնեց «Համահայկական ճակատին»  միացած նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ, Ռոբերտ Քոչարյանի աջակից, եթե կուզեք՝ «աջարակից», այժմ էլ Կարապետյանի թիմակից դարձած  Հովհաննես Շահինյանը։

Վերջինս ԱԺ ընդդիմադիր  պատգամավորներից մեկին պատկանող կայքի հետ զրույցում փորձել էր ձեռքից եկածի չափով բացատրել՝«что к чему», ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «кто он такой, этот... потерпевший, куда он пошел»։  Շահինյանը, հիշեցնենք, մասնավորապես պնդել էր՝ երբ Կարապետյանը  «Վոցափ»-ով ուղարկված հաղորդագրության մեջ ասում է՝ «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», նկատի ուներ, որ Դուբայում է ամեն ինչ նորմալ, այն գործարքի հետ կապված, որը իբր գլուխ բերելու համար էլ Կարապետյանն ուղարկվել էր այդ երկիր։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Դուբայից հետո պաշտոնին «գուդ բայ» ասած Կարապետյանին չի գոհացրել Շահինյանի  փաստաբանական ծառայությունը, և նա որոշել է  իր մոտ կանչել կայքերից մեկի թղթակցին ու հարցազրույց տալ։ Կարապետյանը վարչապետին ուղարկած իր վերոհիշյալ հաղորդագրության հետ կապված կրկին պնդել է՝ «ըստ իրա հրամանի ես գորձուղվել եմ (ձ-ով - խմբ.) Դուբայ, ըստ իրա հրամանի իմ տեղը իմ բացակայության ժամանակ նշանակվել է պաշտոնակատար, որը իրան շատ գրագետ առավոտյան զեկուցել է։ Իմ գորձուղման ժամանակ եթե ինչ որ զեկույց եղել ա, եղել ա միայն վերաբերվող  մեր Դուբայի դելեգացիային։  Եվ ամենակարևորը ՝ ես Դուբայից չէի կարա զորքերի իրավիճակի մասին զեկուցեի, դա նշանակում ա՝ ես պիտի սաղ զորքերից զեկույցներ ստանայի»։

Տրամաբանական հարց է ծագում՝ եթե Պնախարարը Նիկոլ Փաշինյանի «հրամանով», այսինքն՝ նրա գիտությամբ ու հանձնարարությամբ Դուբայ է գործուղվել, ինչպես Կարապետյանն է պնդում՝ կարևոր գործարք իրականացնելու համար, ինչո՞ւ պետք է նույն Փաշինյանը, իմանալով, որ իր ենթական, պետության պաշտպանության համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը երկրում չէ, նրանից ճշտեր երկրի սահմանների հետ կապված հարցերը։ Երկրորդ՝ եթե վարչապետին արդեն իսկ Արշակ Կարապետյանին փոխարինող պաշտոնյայի կողմից «գրագետ» զեկուցվել է իրավիճակի մասին, այդ դեպքում ինչո՞ւ է երկրում չգտնվող պաշտպանության նախարարից «բան ճշտելու» կարիք առաջացել կառավարության ղեկավարի մոտ։  Հատկանշական է, որ վարչապետի որևէ որոշում, որով Դուբայ «դելեգացիա» է գործուղվել, չգտանք կառավարության կայքում։  Կամ այդ որոշումը գաղտնի է՝ չի հրապարակվել, կամ էլ Արշակ Կարապետյանը ինքնագործունեությամբ է զբաղվել՝ իր ղեկավարից գաղտնի է մեկնել Դուբայ, այն էլ՝ դելեգացիայով։ Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ ադրբեջանական ներխուժումից հետո հրավիրված ԱԽ նիստում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել ՀՀ  պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին։ ...Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»։ 

Նոյեմբերի 15-ին, երբ Ն. Փաշինյանն արդեն ներկայացնում էր նորանշանակ պաշտպանության նախարարին, և ներկայացման ժամանակ ներկա էր նաև Արշակ Կարապետյանը, վարչապետը նշեց. «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել, և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ պաշտպանության նախարարի կարգավիճակը ՀՀ-ում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար։ ...Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խորը, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից»։ Գնացող նախարար Կարապետյանն էլ իր խոսքում նշել էր. ««Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա»։ 

Ի դեպ, դեռ 2021-ին՝ Կարապետյանի պաշտոնանկությունից հետո, մամուլը, հղում անելով կառավարության իր աղբյուրին, գրեց. «Կարապետյանի ազատումը կապված է այն հանգամանքի հետ, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չի զեկուցել սահմանում առկա իրավիճակը, ինչի արդյունքում իրադարձությունները այն աստիճան են լարվել ու ծավալվել, որ կառավարությունը որոշել է գնալ այդ քայլին՝ ազատելով Կարապետյանին պաշտոնից»: Հատկանշական է, որ Ա. Կարապետյանը, փաստորեն, անմռունչ, անտրտունջ հեռացավ նման բարձր պաշտոնից, հատկապես որ նրան նշանակելիս, ինչպես վարչապետն էր նշել, հաշվի էին առնվել նրա ռուսաստանյան  լայն կապերը։ Եթե նրա պաշտոնանկությունն իրոք անարդարացի էր, և, ինչպես ինքն է պնդում,  Դուբայում գտնվելու բերումով է, որ ծագել էր իր զեկուցման հետ կապված վերոհիշյալ «թյուրիմացությունը», ապա ինչո՞ւ նա պաշտոնանկությունից հետո պարզաբանմամբ հանդես չեկավ, իր առարկությունները չհայտնեց և կամ, ասենք,  տուրք տալով մոդայիկ տենդենցին, հենց այդ օրերին քաղաքական շարժում սկսելու և կամ հետագայում սկսված շարժումներին (դիցուք՝ «Դիմադրություն») միանալու նախաձեռնություն չցուցաբերեց (ինչպես դա արեցին, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և այլք)։  Եվ միայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից, ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումից հետո է, որ ՌԴ-ում պատսպարված Կարապետյանը հիշեցրեց իր լինելիության մասին՝ «ճակատ բացելով» ՀՀ-ում իշխանափոխության համար։ Այդ ռազմահայրենասիրական գաղափարը տեսնես նա ե՞րբ էր հղացել՝ 2021-ին Դուբայից վերադառնալու ճանապարհի՞ն, թե՞ ՌԴ որոշակի շրջանակների հետ շփումների,  առ ու տուրի բերումով։ Ըստ ավանդազրույցի՝ հայոց պաշտոնյաները հայրենի  հողը տրորելիս էին ուժ ու կորով ստանում ու պայքարի ոգով լցվում ընդդեմ թշնամու, իսկ Կարապետյանն ու Հայաստանը լքած մյուս՝ հայկական ազգանունով նախկին պաշտոնյաները, փաստորեն, «Մատուշկա Ռոսիայի» պետական սահմաններից ներս գտնվելիս։   
 
Հ.Գ. Արշակ Կարապետյանը, նկատենք, իր հարցազրույցում բացի այն բանից, որ ի ցույց է դրել վարչապետից իր «աբիժնիկ» լինելը (երևույթի  ռուսերեն տարբերակն ենք նշում, քանի որ այն ըմբռնելի կլինի ռուսախոս Կարապետյանին), նաև ցուցաբերել է  պետական պաշտոնյային (թեկուզ՝ նախկին) անհարիր վարքագիծ՝ հատելով այն «կարմիր գծերը», որոնցով կաշկանդված է որպես երկրի պաշտպանության ոլորտը  ղեկավարած պաշտոնյա։ Նա, ի մասնավորի, Հնդկաստանից գնված զենքերի վերաբերյալ արել է վտանգավոր հայտարարություններ, որոնց որակումը, թերևս, պետք է տան իրավապահ մարմինները։ Գործող Պնախարարին ամեն կերպ օգնելու պատրաստակամություն հայտնած, բայց Կրեմլի պատերի տակ ծպտված սույն պաշտոնյան խոսել է նաև ՀՀ անվտանգությունից ու ենթագիտակցորեն քողազերծել օտար, բայց դաշնակից ներկայացող պետության մտադրությունը։ «Պատերազմի վտանգ կա, բայց ստախոսությամբ են զբաղված, չեն պատրաստվում պատերազմի, ոչինչ չեն անում»,- նշել է Կարապետյանը, որը հավակնում է իշխանության գալուց հետո ժամանակավոր կառավարություն ձևավորել, երկրի կառավարման մոդելը փոխել։ «Մեր հիմնական խնդիրը կլինի վերադառնալը նախագահական համակարգի և մեր տարածքների, իհարկե,  խնդիրների, վտանգների չեզոքացումը։ Ու քանի որ մեր ժողովուրդը գիտի, որ Կարապետյան Արշակը լավ կապեր ունի ՌԴ-ում, ինձ թվում ա, որ մեր ժողովուրդը պետք ա էդ կապերը օգտագործի, և դա բոլոր համակարգերում էդպես ա, ուզում եք բիզնեսով զբաղվեք, անվտանգությունով զբաղվեք, ինչով ուզում եք զբաղվեք, կապերը ամենակարևորն են մեր ապագայի համար»։ 

Հ. Մանուկյան