Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում ՔՊ-ն ոչ միայն «չզավթեց» իշխանությունը, այլև հանձնեց այն «Բալասանյան դաշինքին», փոխարենը «Բալասանյան դաշինքն» է զավթում քաղաքի փողոցները և ոչ միայն

Գյումրիում ՔՊ-ն ոչ միայն «չզավթեց» իշխանությունը, այլև հանձնեց այն «Բալասանյան դաշինքին», փոխարենը «Բալասանյան դաշինքն» է զավթում քաղաքի փողոցները և ոչ միայն
Քաղաքականություն
19:10, 15 апрель 2024
Նախորդ տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզեց Գյումրի համայնքը համատեղ կառավարելու մասին «Բալասանյան դաշինք» ՍԴԿ-ի հետ հուշագիրը, որից հետո և մինչև վերջերս ընդդիմադիր գործիչներն ու մամուլը ակտիվորեն տարածում էին թեզ, թե ՔՊ-ն ցանկանում է «զավթել» իշխանությունը Գյումրիում։ Հուշագրի խզումից անցել է 4 ամիս, սակայն Գյումրիում ՔՊ-ն ոչ միայն չի «զավթել» իշխանությունը, այլև լրիվ հակառակը՝ գործադիրում ողջ կառավարումը հանձնել է «Բալասանյան դաշինքին»։

Ի դեպ, այդ թեզերը տարածողները հիմա լուռ են։ Լուռ են նաև քաղաքապետարանում խնդրահարույց որոշումների ու նախագծերի ընդունման ժամանակ։

Հիշեցնենք, որ Գյումրիում ՔՊ-ն երկու փոխքաղաքապետ ուներ, բաժնի պետեր, որտեղ այժմ նշանակումներ է արել «Բալասանյան դաշինքը»։ Հետևանքն այն է, որ բազմաթիվ օրինագծեր, նախագծեր, որոնց դեմ է արտահայտվում ու քվեարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, «Բալասանյան դաշինքը» կարողանում է անցկացնել իր նոր, ոչ ֆորմալ դաշնակիցների՝ ՀՀԿ-ի և «Ապրելու երկրի» հետ միասին։ 

Ընդ որում՝ «Բալասանյան դաշինքը» դա կարողանում է անել նաև շատ խնդրահարույց դեպքերում։ Ամենաքննարկվածն ու աղմուկ բարձրացրած դեպքերից էր շների ստերջացման թեման, երբ մրցույթը շահած «Կումնի» ընկերությունը փոխկապվածություն ուներ «Բալասանյան դաշինքի» հետ, շների պահման և առհասարակ թափառող կենդանիների ստերջացման գնի ոչ տրամաբանական ցածր լինելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրվագով քրեական վարույթ նախաձեռնվեց, իսկ գնորդ կողմ հանդիսացող քաղաքապետարանը՝ «Բալասանյան դաշինքի» գլխավորությամբ, ոչ թե փորձեց հասկանալ, թե ո՞ւր են ուղղվում համայնքի միջոցները, այլ փորձեց լղոզել, արդարացնել «Կումնի» ՍՊԸ-ի հնարավոր չարաշահումները, ապօրինի վարքագիծը։ 

Ավելին՝ «Կումնի» ՍՊԸ-ն այդ աղմկահարույց դեպքից հետո ոչ միայն խնդիրների չբախվեց՝ չհաշված հարուցված քրեական գործը, որը հարուցվել էր կենդանասերների բարձրացրած աղմուկի, այլ ոչ համայնքապետարանի նախաձեռնությամբ, այլև մի բան էլ քաղաքապետարանում այլ մրցույթների է մասնակցում և հաղթող ճանաչվում։ Այս անգամ արդեն լրիվ այլ բնագավառում։

Բալասանյանների հետ փոխկապակցված բազմապրոֆիլ այս ընկերությունը մասնակցել և հաղթել է Գյումրու քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մասերի ձեռք բերման մրցույթում։ Մասնավորապես՝ գեներատորի, դիմացի լուսարձակի մատակարարման մրցույթն է հաղթել։ Ընդ որում՝ դիմացի լուսարձակի համար այս ընկերությունն առաջարկել է 49,990 դրամ, իսկ հաջորդ ամենացածր գին առաջարկած ընկերությունը առաջարկել է 50,000 դրամ։ Այսինքն՝ ընդամենը 10 դրամ պակաս է առաջարկել «Կումնին» և հաղթող ճանաչվել։ 

Բացի սրանից, ընկերությունը քաղաքապետարանին կմատակարարի նաև շկիվ, անվակունդ (տառելկա), հիդրոմուֆտ, ակումուլյատոր և այլն։ 

Իսկ ավագանու վերջին նիստի ընթացքում կրկին «իր դաշնակիցների» աջակցությամբ «Բալասանյան դաշինքը» անցկացրեց «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Ջիվանու փողոց N 66 հասցեի իրենց շենքին հարակից ճանապարհահատվածի մի մասը՝ 5 մեքենայի համար նախատեսված հատվածը  տարեկան 180 հազար դրամ վարձավճարով նրանց տրամադրելու մասին նախագիծը՝ զրկելով քաղաքի բնակիչներին և հյուրերին Բալասանյանների տան ու բարեգործական հիմնադրամի շենքի առջև մեքենա կայանելու հնարավորությունից։ 

Նշենք, որ ոչ միայն հիմնադրամն է այդ հասցեում, այլև Բալասանյան ընտանիքին պատկանող տունը։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն անթույլատրելի համարեց օրակարգ բերված հարցն ու այն որակեց որպես անհարգալից վերաբերմունք Գյումրու, գյումրեցիների և քաղաք այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների նկատմամբ:

«Ես ակամա հիշեցի Էջմիածնի նախկին քաղաքապետին, որն ուղեփակոցներ էր դրել և թույլ չէր տալիս, որ իր տան տարածքով մարդ անցներ: Հիմա դուք այդ ճանապարհով եք գնում: Ձեր գործողությունները շատ նման են, դուք պատմական միջուկում փողոց եք փակում»,- ասաց Հարությունյանը։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինքը» խնդիր չեն տեսնում քաղաքի որոշ հատվածներ՝ պատմական միջուկում, ըստ էության ժամանակավոր սեփականաշնորհելու մեջ։ Դրանում խնդիր չեն տեսնում նաև ՀՀԿ, «Ապրելու երկիր» ու «Զարթոնք» խմբակցությունները։

Վովա Հակոբյան