Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսներն ուզում են մնան ստեղ, կռիվ քցեն, որ հետո ասեն՝ գալիս ենք ձեզ փրկենք. Շուտ պետք է պրծնել դրանցից. Գրիգոր Հարությունյան

Ռուսներն ուզում են մնան ստեղ, կռիվ քցեն, որ հետո ասեն՝ գալիս ենք ձեզ փրկենք. Շուտ պետք է պրծնել դրանցից. Գրիգոր Հարությունյան
Քաղաքականություն
13:00, 25 апрель 2024
Մի քանի օր է` կեղծ լուրեր են տարածվում, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացում Գեղարքունիքի մարզի և Սյունիքի մարզ Մեղրիի շրջանից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Մեղրիում բնակվող ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ։
Նա նշեց, որ Մեղրիում այդպիսի խոսակցություններ չկան։

«Ես հենց հիմա Շվանիձորում եմ, երեկ էլ Շվանիձորում շատ ընտիր համերգ է եղել,   Համասյանն էր խմբով համերգ տալիս, շատ գեղեցիկ էր ամեն ինչ, Մեղրիից շատ ժողովուրդ էր եկել մասնակցում: Մեղրիում որևէ նման անհանգստացնող բան չկա։ Ուրիշ տեղերի մասին չեմ կարող բան ասել»,- ասաց ՀԺԿ փոխնախագահը։

Գրիգոր Հարությունյանը նաև նշեց, որ Մեղրիի ներկայիս բոլոր գյուղերն էլ մեր ինքնիշխան տարածքի գյուղեր են։ Միայն Շուռնուխում ճանապարհի վերևը մերն էր, ճանապարհի տակը թուրքերինն էր, բայց ճանապարհի մի տունը հայի էր, այնտեղ ճանապարհից ներքև մի քանի տուն կար, որը թուրքերի տարածք էր, որոնցից մի տունը մեր տարածքում էր ընկնում։ 

Նա  հիշեցրեց նաև Գորիս-Կապան ճանապարհի խնդրի մասին՝ նշելով, որ այդ ճանապարհն էլ հյուսիսի պես մի քանի տեղ մտնում էր իրենց տարածքը, դուրս գալիս, և այդ խնդիրը լուծվեց, շրջանցող ճանապարհներ կառուցեցին։

Գրիգոր Հարությունյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին իր պատգամավոր եղած ժամանակ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում իր նախաձեռնությամբ լսումներ  են անցկացրել Մեղրիի 1,5 կմ լայնությամբ ճանապարհը Լաչինով փոխարինելու հարցով, և լսումներին հրավիրված այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան  Օսկանյանին ՀԺԿ փոխնախագահը հետևյալ հարցն էր տվել. «Օսկանյանին հարցրի՝ դու Մեղրիում եղե՞լ ես, ասեց՝ չէ, էն վիզուալ նկարահանածով եմ տեսել, ես էլ ասեցի՝ ինչ ասեմ, ԱՄՆ դեսպանը տարին մի քանի անգամ գալիս է Մեղրի, տեսնում է՝ ժողովուրդն ինչ է անում, ինչ չի անում, դուք էդպիսի հարց եք ուզում լուծեք, մի հատ չեք էլ գալիս Մեղրի։ Ուզում էին 1,5 կմ   լայնությամբ Մեղրիի ճանապարհը տային Ադրբեջանին՝ Լաչինի դիմաց։ Այսինքն՝ Քոչարյանը Քիվեսթում չէ՞ր ուզում Մեղրին փոխել Ղարաբաղի հետ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։  

Հարցին, թե ովքեր և ինչ նպատակով են այդ լուրերը տարածում, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Պարզ չի՞, թե ովքեր են, նրանք են, որոնք այս ամբողջ ժամանակաշրջանում երկիրը տանում են ցնցումների, նրանք, որոնք ժամանակին թալանել են, գողացել են, սահմանների ամրություններ չեն ստեղծել, ոչինչ չեն արել, պատերազմում էլ 80-ականների զենքերով էին կռվում, և այսօր մեր ժողովուրդը տուժեց իրենց ագահության, իրենց սրիկայության համար։ Նպատակը ռուսներինն է, ոչ թե իրենցը, իշխանափոխություն են ուզում անել։ Շատ են ուզում՝ թող գնան կառավարությանը նեղեն, ասեն՝ Ներքին Հանդից ռուսներին հանեք, Մեղրիի քաղաք մտնող և գյուղեր մտնող պոստերը հանեք։ Մեղրի մտնող ճանապարհի վրա՝ Արաքսի ափին, ռուս զինվորը կանգնած է, ինչ-որ դոմիկ են դրել, պոստ են սարքել, Շվանիձոր գյուղում՝ նույնը, Ագարակում՝ նույնը, Ալվանքում՝ նույնը, Նռնաձորում՝ նույնը։ Երկրի մասին մտածող ժողովուրդ են, թող դուրս գան կառավարությանը «խեղդեն», ասեն՝ մի օր առաջ դրանց քշեք ստեղից»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։ 

Հայտնելով նաև իր կարծիքը մի քանի օր շարունակ Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձությունների և ճանապարհը փակելու մեջ ակտիվություն դրսևորած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին՝ Գրիգոր Հարությունյանն ասաց. «Բագրատ արքեպիսկոպոսի անունը մի տվեք է, էն կաթողիկոսի մասին է խոսքը։ Ռուսաստանում իր ախպերն ինչո՞վ է զբաղված, էդ ինչի՞ կաթողիկոս կոչեցյալին ռուսների կողմից շքանշան տվեցին, ինչի՞ էն թեմի առաջնորդին (Տիրան արքեպիսկոպոս խմբ.) հանեց, ախպորը դրեց, որ 35 միլիոն դոլար արժողությամբ եկեղեցի կառուցեն, չիմացանք՝ փողերն ինչ եղան։ Էդ բոլոր բաները պարզ են։ Վերադառնալով Տավուշում տիրող իրավիճակին՝ ասեմ, որ ռուսներն ուզում են մնան ստեղ, ուզում են կռիվ քցեն, որ հետո մերոնց ասեն՝ դե բա գալիս ենք ձեզ փրկենք, 11-րդ բանակ են, չէ՞։ Շուտ պետք է պրծնել դրանցից»,- ասաց ՀԺԿ փոխնախագահը։ 
 
Լիլիթ Թադևոսյան