Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցփաթեթի գումարը տրամադրվում է մարդու առողջության վերականգնման, հանգստի համար, ոչ թե հեռախոսի վարկը մարելու. Բաբկեն Թունյան

Սոցփաթեթի գումարը տրամադրվում է մարդու առողջության վերականգնման, հանգստի համար, ոչ թե հեռախոսի վարկը մարելու. Բաբկեն Թունյան
Քաղաքականություն
10:38, 06 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջարկներին, որոնք չէին ընդունվել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կատեգորիկ դեմ արտահայտվեց, որ սոցփաթեթի գումարն օգտագործվի նաև սպառողական վարկերի մարման նպատակով: «Պետությունը մարդուն գումար է տրամադրում նրա առողջության վերականգնման, հանգստի համար, ու մենք ասում ենք՝ չէ, դու կարող ես քեզ համար հեռախոս գնել, ու էդ հեռախոսի տոկոսը մարե՞լ»:

Նրա խոսքով՝ եթե ասվում է, որ մարդկանց աշխատավարձը քիչ է, եկեք հնարավորություն տանք, դա նշանակում է, որ մարդկանց աշխատավարձը պետք է բարձրացնենք. «Աշխատավարձերի հետ կապված էլ, հիշեցնեմ, նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձավ 68 հազար դրամ, որ մի քանի տարի չէր փոխվել. տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձն ավելացել է 156 հազարով, այսինքն՝ սոցփաթեթից երկու անգամ ավելի: Նախատեսվում է առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձը բարձրացնել»:

Ինչ վերաբերում է սոցփաթեթի գումարի ավելացմանը, Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ դա պետք է լինի մեկ այլ ուղղության հաշվին. «Երբ բյուջեն քննարկենք, առաջարկեք, որ որևէ ուղղությունից գումարը կրճատվի և տրամադրվի սոցփաթեթի գումարի ավելացմանը: Իսկ սոցփաթեթի գումարն ավելացնելու ցանկություն բոլորս ունենք»: