Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եկեք տեսնենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն Բադենում, դրանք ինչ-որ համեմատելի եզր ունե՞ն»․ Փաշինյանը՝ Աբրահամյանին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերաբերում էր Լիտվայում նրա արած հայտարարություններին, մասնավորապես Շուշիի առնչությամբ:

«Ես խոսում էի բնակելի տների մասին: Էն, ինչ որ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար, և էն, ինչ որ ասել եմ, այդ ամենը կասկածի տակ դրվել չի կարող: Քանի որ հարց հնչեց Իջևանի մասին, կարող եմ ասել, որ այսօր Իջևանում ասֆալտապատվում, կառուցվում են ճանապարհներ, որոնք 45-50 տարի ոչ ասֆալտապատվել են և ոչ էլ որևէ բան են արվել»,- ասաց վարչապետը և նշեց, որ Լիտվայում արած հայտարարությունը կարող է ավելացնել նախկինում իր արած հայտարարություններին և այլևս ոչինչ չունի ասելու:

Վարչապետի խոսքով՝ պատգամավորի նշած ցանկը կարող է մի էջի վրա էլ չտեղավորվել. «Եկեք տեսնենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն Բադենում, դրանք ինչ-որ համեմատելի եզր ունե՞ն: Ես այնպիսի տպավորություն ունեմ՝ կարծես զուգահեռ իրականության մեջ ենք ապրում: Ձեզ թվում է՝ միայն դո՞ւք եք եղել, կամ ե՞ս եմ եղել Շուշիում»: