Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ համարում, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն էլ ավելի կլարվեն. նրանք ունեն շատ ավելի լուրջ շահեր, քան Հայաստանն ու Իրանը. մտահոգ եմ, որ իրենց համաձայնությունները հանկարծ չլինեն մեր շահերի հաշվին». Թաթուլ Հակոբյան

«Չեմ համարում, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն էլ ավելի կլարվեն. նրանք ունեն շատ ավելի լուրջ շահեր, քան Հայաստանն ու Իրանը. մտահոգ եմ, որ իրենց համաձայնությունները հանկարծ չլինեն մեր շահերի հաշվին». Թաթուլ Հակոբյան
Քաղաքականություն
19:16, 08 октябрь 2021
«Երբ դանակը հասավ ոսկորին, նոր Իրանը սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ, որովհետև զգում է, որ տարածաշրջանում երկու խոշոր պետություն կա, որոնք թելադրում են իրենց կանոնները։ Մեկը Թուրքիան է, որն Իրանի հետ պատմականորեն բարդ հարաբերություններ ունի, մյուսը Ռուսաստանն է, որի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ՝ ունի պատմական լուրջ դժվար անցյալ։ Բոլորը շատ լավ հիշում են, որ Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը կռվախնձոր է եղել Իրանի և Ռուսաստանի միջև։ Ռուսներն էին, որ եկան և Իրանից գրավեցին Երևանը և միացրին Ռոմանովների Ռուսաստանին։ Հիմա իրանական կողմը զգում է, որ հայտնվում է մի իրավիճակում, երբ իր համար տարածաշրջանում խաղալու տեղ այլևս չկա։ Բայց սրա հետ կապված ինքն իրեն հարց տալու խնդիր ունի հենց պաշտոնական Թեհրանը։ Իրանը պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին իր հողերն ազատագրելու համար, 93 թվականին կոչ էր անում Հայաստանին դուրս գալ զավթված տարածքներից»,- ասաց Թաթուլ Հակոբյանը «Հոդված 3» ակումբի «Եռացող տարածաշրջան. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման հնարավոր հետևանքները» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ:
 
Այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, ըստ Թաթուլ Հակոբյանի, Իրանի նյարդային արձագանքն է ոչ թե Արցախում տեղի ունեցածին, այլ տեսնում է, որ դուրս է մղվում տարածաշրջանից, և այդ պատճառով է, որ անում է հակաադրբեջանական հայտարարություններ։ «Հայկական շրջանակներում սպասում են, որ հիմա ուր որ է Իրանը կհարվածի Ադրբեջանին և այլն, և այլն։ Սրանից չպետք է ուրախանալ, սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ հենց Հայաստանի համար։ Սակայն չեմ համարում, որ կգանք նման կետի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն էլ ավելի լարվեն։ Ես համարում եմ, որ հարցը խաղաղ կարգավորում կունենա, և Ադրբեջանն ու Իրանը, որոնք ունեն շատ ավելի լուրջ շահեր, քան Հայաստանն ու Իրանը, համաձայնության կգան, և ես մտահոգ եմ, որ այդ համաձայնությունները հանկարծ չլինեն մեր շահերի հաշվին։ Համոզված եմ, որ չենք հասնի իրավիճակի, որ տարածաշրջանում նոր պայթյուն լինի։ Իրանը մտահոգ է, որ Հայաստանը Ադրբեջանին միջանցք չտա, որով կկապվեն Ադրբեջանն ու Թուրքիան, որը իրենց համար կդառնա խոչընդոտ՝ Հայաստանով տարածվելու համար։ Այստեղ Ռուսաստանն է որոշելու միջանցքի հարցը։ Եթե ռուսները որոշեն, որ պետք է միջանցքը տան և գան իրենց զորքով կանգնեն այդ միջանցքում, որով հավելյալ ճնշման լծակ կունենան Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, ապա Իրանը ոչինչ անել չի կարողանա։ Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարարը ոչ թե Երևանում էր, ոչ թե Բաքվում էր կամ Անկարայում, այլ՝ Մոսկվայում»,- ասաց Թաթուլ Հակոբյանը։