Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստումների թեմայով մի մասնակցեք մանիպուլյատիվ քննարկումների. այսօր քովիդից 43 մարդ է մահացել. Ռուբինյան

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում  հրավիրվել է մամուլի ասուլիս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ, որը վերջերս է վերադարձել Ստրասբուրգից:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատասխանելով ԵԽԽՎ-ում պատվաստումների հետ կապված քննարկումներին, նշեց. «Քննարկումները ծավալվել են առ այն, թե այդ պատվաստված անձանց անձնագրերով և դրա հիման վրա խտրականություն իրականացնելը ինչքանով է իրավաչափ: Բայց որևիցե փաստաթուղթ, որը կնախատեսեր պատվաստման պարտադիրություն, չի եղել»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն գնում է բավականին կոշտ միջոցառումների. Ֆրանսիայում պատվաստումների թիվը հասել է 80-85 տոկոսի. «Չպատվաստված կամ թեստի բացասական արդյունք չունեցող անձանց չի թույլատրվում որևէ ժամանցային վայրում գտնվել: ԵՄ անդամ պետություններում քովիդի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը շատ ավելի վճռական է, քան այն միջոցառումները, որոնք կատարվում են ՀՀ-ում: Այդ միջոցառումների շնորհիվ ԵՄ-ում արդեն դրական արդյունք կա: ԵՄ-ում պատվաստումը պարտադիր չէ, բայց անհրաժեշտ է»:

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրեց, որ այսօր քովիդից մահացել է 43 մարդ. «Այս պահի դրությամբ աշխարհում դեռևս չի ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի էֆեկտիվ կլինի: Հանրահայտ փաստ է, որ պատվաստումները 100 տոկոսով չեն պաշտպանում վարակվելուց, բայց ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելը էականորեն նվազեցնում է  և վարակվելու, և հիվանդության ծանր ընթացքի ռիսկը: Կան հարցեր, որոնք չի կարելի դարձնել հանրային և քաղաքական շահարկումների թեմա»: Ռուբինյանը կոչ արեց չմասնակցել տարբեր մանիպուլյատիվ քննարկումների պատվաստումների թեմայով. «Մամուլը պետք է պատասխանատվություն ունենա. գոնե այս մի հարցում եկեք բոլորս մեկ գիծ ունենանք»: